Կամչատկայում մեկ տարի շարունակ դաշտային փորձարկումներ է անցել եզակի, փոքր չափսերի լազերային ինկլինոմետրը (թեքաչափ)՝ սարք, որը չափում է երկրի մակերևույթի թեքությունները աստիճանի միլիարդերորդական մասի ճշտությամբ։ Նոր սարքն արդեն իսկ գրանցել է բացառիկ արդյունքներ. այն ֆիքսում է ոչ միայն երկրաշարժերը, այլև մակընթացությունների, փոթորիկների և նույնիսկ անցնող բեռնատարների առաջացրած միկրոսկոպիկ դեֆորմացիաները։ Սա ճանապարհ է հարթում սեյսմիկ և հրաբխային ակտիվության ավելի ճշգրիտ կանխատեսման համար։


Ինչպե՞ս է աշխատում «լազերային թեքաչափը»
Սկզբունքը պարզ է, բայց հանճարեղ. լազերային ճառագայթն անդրադառնում է անոթի մեջ լցված հեղուկի բարակ շերտից։ Մակերևույթի չնչին թեքության դեպքում ճառագայթը շեղվում է, ինչը որսում են գերզգայուն սենսորները։ Հեղուկը մարում է սեփական տատանումները հատակի հետ շփման հաշվին, ինչի շնորհիվ քամուց կամ այլ վիբրացիաներից խոտաններ չեն առաջանում։

Ինկլինոմետրն աշխատում է հաճախականությունների լայն տիրույթում՝ 0,00001-ից մինչև 20 Հց։ Սա թույլ է տալիս որսալ գերցածր հաճախականության ազդանշաններ, որոնք սովորական սեյսմոգրաֆները պարզապես չեն տեսնում։


Սարքը տեղադրվել էր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի և Հրաբխագիտության ու սեյսմոլոգիայի ինստիտուտի սեյսմիկ խցիկում։ Դիտարկումներն իրականացվել են 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերը՝ ուղիղ մեկ տարի։


Ի՞նչ է հաջողվել արձանագրել մեկ տարվա ընթացքում
Արդյունքները տպավորիչ են։ 12 ամսվա ընթացքում մակերևույթը թեքվել է մոտ 20 միկրոռադիանով։ Գիտնականները նկատել են 5–10 օր պարբերականությամբ և 10 միկրոռադիան ամպլիտուդով կրկնվող տատանումներ, որոնք հավանաբար կապված են հրաբխային ակտիվության հետ։


«Դիտարկման ժամանակահատվածում երկրի մակերևույթը թեքվել է մոտ 20 միկրոռադիանով։ Մենք տեսել ենք կրկնվող փոփոխություններ 5–10 օր ընդմիջումներով և 10 միկրոռադիան ամպլիտուդով։ Նման տատանումները կարող են կապված լինել հրաբխային ակտիվության հետ», — պատմել է Վիտուս Բերինգի անվան Կամչատկայի պետական համալսարանի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ռոդոսլավ Իզրապիլը։

Սարքի զգայունությունը ֆանտաստիկ է ստացվել. այն որսացել է նույնիսկ «պինդ մակընթացությունները» (երկրակեղևի դեֆորմացիաները Լուսնի և Արեգակի ձգողականությունից), օվկիանոսային փոթորիկների միկրոսեյսմերը և նույնիսկ անցնող ֆուրգոնների վիբրացիաները։

Հատկապես արժեքավոր են հրաբուխներից եկող ազդանշանները. ներսում ճնշման բարձրացումը բարձրացնում է լանջերը, և ինկլինոմետրը ֆիքսում է 50 նանոռադիան թեքությունները, ինչը ժայթքման նախանշան է։


Հեռանկարները. ցանց ամբողջ Կամչատկայի համար
Գիտնականներն առաջարկում են ստեղծել նման ինկլինոմետրերի ցանց ամբողջ թերակղզում։ Կողք կողքի տեղադրված երկու սարքերը կապահովեն էլ ավելի մեծ ճշգրտություն. տվյալների համեմատությունը թույլ կտա բացառել կողմնակի խոտանները։ Երկարաժամկետ հեռանկարում սա կօգնի կանխատեսել ոչ միայն ժայթքումները, այլև երկրաշարժերից առաջ սեյսմիկ էներգիայի կուտակման գոտիները։

Կարճ ասած
Կամչատկայում մեկ տարի փորձարկվել է լազերային ինկլինոմետրը, որը որսում է երկրի մակերևույթի թեքությունները աստիճանի միլիարդերորդական մասի ճշտությամբ։ Այն արձանագրել է մակընթացություններ, փոթորիկներ, հրաբխային ակտիվություն և նույնիսկ բեռնատարների շարժ։ Սա բեկումնային քայլ է երկրաշարժերի և ժայթքումների կանխատեսման գործում. գիտնականները ծրագրում են սարքերի ցանց ստեղծել ողջ տարածաշրջանում։ Կամչատկան դառնում է փորձադաշտ սեյսմոլոգիայի նոր դարաշրջանի համար։