Նոր Հայաստանում նոր առաջնորդների ժամանակն է։ Այս մասին Երևանում ընթացող «Մեր ձևով» շարժման հաշվետու ժողովում հայտարարել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ։
Ելույթի սկզբում Նարեկ Կարապետյանը նշել է, որ լիքը դահլիճը տպավորիչ տեսարան է և սելֆի է արել դահլիճի ֆոնին։ Նա նաև առաջարկել է փակել աչքերը և պատկերացնել մի Հայաստան, որտեղ ամեն օր չեն խոսում պատերազմի մասին, որտեղ հաղթահարված է աղքատությունը, իսկ աշխատող մարդն իր աշխատավարձով կարող է արժանապատիվ կերպով ապահովել ընտանիքը։ «Խոստանում եմ՝ միավորվում ենք, աշխատում ենք այս տարի և դուռ ենք բացում դեպի այդ Հայաստան։ 6 ամիս առաջ հայտարարվեց մեր շարժման սկզբի մասին։ Այս ժամանակահատվածում մեզ միացել է 15 հազար կամավոր։ Ես կարող եմ հաստատ հայտարարել, որ շարժումը Հայաստանում ամենաարագ աճող շարժումն է։ Մենք կարող ենք վստահ լինել, որ այս տեմպով մենք մեր հասարակությունում կշրջենք պարտությունների անիվը», - հայտարարել է Կարապետյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանն ունի հսկայական ներուժ, իսկ մեր երկրի բնակիչները տարածաշրջանում ամենաաշխատասերն են։ Նման երկրում բնակչության 20 տոկոսը չի կարող լինել աղքատ։ «Մենք մեծ ներուծ ունենք, բայց այդ ներուժը լավ չենք օգտագործում։ Մենք ունենք մարզ, որտեղ բնակչության համարյա կեսը ապրում է 64 հազար դրամից քիչ եկամտով՝ Շիրակը։ Այս խնդիրները թողած մեր կառավարությունը զբաղվում է այլ հարցերով, որոնք կապ չունեն աղքատության հետ, որոնք կապ չունեն երկրի զարգացման հետ», - հայտարարել է Նարեկ Կարապետյանը։ Նա հիշեցրել է, որ հայ ժողովուրդն ունի զավակներ, ովքեր հասել են հաջողությունների և կարող են օգնել հաղթահարել աղքատությունը երկրում։ Նրա խոսքով՝ եթե որևէ մեկն ասի, թե Հայաստանն աղքատությունը ժառանգել է ԽՍՀՄ-ից, ապա նույն պատկերն էր նաև Վրաստանում։ 7 տարվա ընթացքում Վրաստանի կառավարությունը կրկնակի կրճատել է աղքատությունը։ Հայաստանում այդ նույն տարիներին աղքատությունը կրճատվել է 2 տոկոսից պակաս՝ արտաքին պարտքի բազմապատիկ աճի պայմաններում, նշել է Կարապետյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները տնտեսությունից ոչինչ չեն հասկանում և չեն կարող լուծել առկա մարտահրավերները։ «Մեր բանակը կախված է մեր տնտեսությունից։ Դիվանագիտությունը ուժեղ կլինի, երբ որ տնտեսությունն ուժեղ և մենք կարևոր լինենք հարևանների համար։ Այս ամենը չանելով՝ մենք մնում ենք տարածաշրջանի ամենաթույլ երկիր, բայց ամենագործունյա ազգով։ Պետք է ուժեղ ղեկավար, ուժեղ, բայց մեր այսօրվա ընկերների պատկերացրած ուժեղը չէ։ Ուժեղը գոռացողը չի, ուժեղը աղմկողը չի, ուժեղը մարդկանց աղմկողը չի, ուժեղը նա է, ում իշխանության ներքո ոչ մեկ չի համարձակվում մտնել քո երկիր։ Ուժեղ ղեկավարի պարագայում խաղաղության երաշխավորը ղեկավարն է, թույլ ղեկավարը մեզ բերում է պատերազմներ։ Մենք 3 պատերազմ ենք տեսել 7 տարում։ Մեր ղեկավարը դրսում խելոք է, նրա հիմնական կրեդոն «ասեք անենք է», իսկ ներսում ձևացնում է թե ուժեղ է և բանտարկում է իր ընդդիմախոսներին։ Ուժեղ է նա, ով դրսում պաշտպանում է իր երկիրը և ստիպում է համաձայնել իր հետ, իսկ ներսում մեծահոգի է իր ընդդիմության հետ»։
Շատ կարևոր է երկրում հաղթահարել մի խնդիր, որը մենք տեսնում ենք ամենօրյա մեր շփումներում՝ դա մասնատումն է, հայացքների մասնատումը։ Բոլոր գյուղերը և բոլոր քաղաքները, որ մենք գնացել ենք բոլորը մասնատված են։ Ինչպե՞ս կարող է 3 միլիոն ազգը մասնատվի էսքան մասերի և կարողանա հաղթանակ ունենալ։ Մեզ պետք է մեծահոգի համախմբող։ Մեր երկրի բոլոր նախկին ղեկավարների մոտ մեկ ընդհանուր խնդիր կա՝ հասարակության ինչ-որ հատված չի ընդունում նրանցից յուրաքանչյուրին և ընդունում է մյուսին։ Ոչ մեկ մեջ չեն տեսնում իրենց համախմբող ուժը։ Համախմբելու համար պետք է նոր ղեկավար։ Ամենայն հարգանքով բոլոր նախկին ղեկավարների նկատմամբ՝ ապագա Հայաստանում նոր առաջնորդների ժամանակն է։ Մեզ պետք է նոր առաջնորդ, ում հանդեպ հասարակության մեջ չկա բացասական վերաբերմունք։ Սա միակ ճիշտ ճանապարհն է։ Պետք է նոր առաջնորդ Հայաստանի համար», - ընդգծել է Նարեկ Կարապետյանը։


