Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ) պարգեւատրել է 2025 թ. աշխարհի առաջնություններում լավագույն արդյունքները ցույց տված հայ մարզիկներին:

 ՀԱՕԿ-ի կողմից պարգեւատրվել են աշխարհի չեմպիոններ Վարազդատ Լալայանը, Մալխաս Ամոյանը եւ մյուս մեդալակիները, նաեւ հավաքականների գլխավոր մարզիչները:
Աշխարհի չեմպիոններ Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) եւ Վարազդատ Լալայանը (ծանրամարտ) պարգեւատրվել են 10-ական մլն դրամով:

Աշխարհի փոխչեմպիոններ Արթուր Դավթյանն ու Մամիկոն Խաչատրյանը (երկուսն էլ` սպորտային մարմնամարզություն) 7-ական մլն դրամ պարգեւներ են ստացել:

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Հրաչյա Պողոսյանը, Սլավիկ Գալստյանը (երկուսն էլ` հունահռոմեական) եւ Արսեն Հարությունյանը` (ազատ ոճ) պարգեւատրվել են 4 մլն դրամով:

Պարգեւավճարներ են ստացել նաեւ հավաքականների գլխավոր մարզիչները: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը եւ ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը պարգեւատրվել են 5-ական մլն դրամով:

Սպորտային մարմնամարզության Հայատսանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը 4 մնլ դրամով է պարգեւատրվել:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը պարգեւատրվել է 2 մլն դրամով:

NEWS.am Sport-ի տեղեկություններով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այս տարի լավագույն արդյունքը ցույց տված մարզիկների համար առանձին պարգեւատրման արարողություն չի կազմակերպել:

Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը(77 կգ) սեպտեմբերին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում օլիմպիական չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակայի նկատմամբ փառահեղ հաղթանակով երկրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը (10:1):

Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիո Վարազդատ Լալայանը հոկտեմբերին Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում տղամարդկանց +110 կգ քաշայինների պայքարում երկամարտի 461 կգ արդյունքով (211+250) հռչակվեց աշխարհի կրկնակի չեմպիոն:

Օլիմպիական փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը հոկտեմբերին Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում հենացատկի վարժությունում 14.833 միավորով դարձավ աշխարհի փոխչեմպիոն՝ ընդամենը 0.33 միավորով զիջելով չեմպիոնի տիտղոսը նվաճած ֆիլիպինցի մարմնամարզիկին:

Նույն առաջնությունում նժույգ թափեր վարժությունում Եվրոպայի փոխչեմպիոն, 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը արծաթե մեդալակիր դարձավ 14.600 միավորով:

Սեպտեմբերին Զագրեբում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշներ Սլավիկ Գալստյանը եւ Հրաչյա Պողոսյանը, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալներ են նվաճել: