ԱՄՆ Կոնգրեսի հանձնարարությամբ՝ Պենտագոնը զեկույց է հրապարակել՝ չինական բանակի կարողությունների և Միացյալ Նահանգների համար հնարավոր սպառնալիքի մասին, հաղորդում է Bloomberg-ը։

Ինչպես գրում է պարբերականը, այս զեկույցը առաջին տարբերակն է, որը թողարկվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ վարչակազմի օրոք:


Փաստաթղթում նկարագրվում է, թե ինչպես է չինական բանակը դառնում ավելի կատարելագործված և կայուն: Նշվում է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (ՉԺՀ) զգուշությամբ է վերաբերվում ԱՄՆ-ի հետ լայնամասշտաբ համաձայնագրերին, ինչպես նաև դասեր է քաղում Ուկրաինայում Ռուսաստանի ձախողումներից՝ ուժեղացնելով ճնշումը Թայվանի նկատմամբ:

 

Զեկույցում ընդգծվում է, որ Չինաստանն ու Ռուսաստանը շարունակում են խորացնել իրենց ռազմավարական գործընկերությունը, ինչը «գրեթե հաստատ պայմանավորված է ԱՄՆ-ին հակազդելու ընդհանուր շահով»: Այնուամենայնիվ, Պեկինի և Մոսկվայի համագործակցությանը խոչընդոտում է կողմերի միջև առկա «փոխադարձ անվստահությունը»։


«Չինական բանակի կարողությունների վերաբերյալ Պենտագոնի զեկույցի վերջին հրապարակման համաձայն՝ Չինաստանի զինված ուժերը գտնվում են «ռազմական հզորության պատմական կուտակման» գործընթացում, ինչը ԱՄՆ տարածքն «էլ ավելի խոցելի» է դարձնում» - գրում է Bloomberg-ը:


Փորձագետները զգուշացնում են, որ Չինաստանը գերազանցում է ԱՄՆ-ին գերձայնային զենքի մշակման հարցում։ Իր հերթին, Թրամփի կողմից ծրագրվող «Ոսկե գմբեթ» համակարգը կոչված է պաշտպանելու երկիրը այս և այլ նորարարական սպառնալիքներից, ինչպես նաև ավելի ավանդական բալիստիկ հրթիռներից:

Զեկույցի հրապարակումը հաջորդել է Ազգային անվտանգության ռազմավարության թողարկմանը, որում ավելի քիչ ուշադրություն է դարձվում Չինաստանի կողմից բխող սպառնալիքին, քան Արևմտյան կիսագնդի խնդիրներին և ներքին հարցերին:

Զեկույցի նախորդ հրապարակման մեջ, որը հրապարակվել է Բայդենի վարչակազմի կողմից 2024 թվականի դեկտեմբերին, նախազգուշացվում էր, որ Չինաստանը ԱՄՆ-ի միակ մրցակիցն է, որն ունի «միջազգային կարգը փոփոխելու» մտադրություն և գնալով աճող հնարավորություն: Դրանում ընդգծվում էր Չինաստանի «ավելի ու ավելի մարտունակ բանակի» մարտահրավերին դիմակայելու կարևորությունը:


Էլ ավելի վաղ՝ 2020 թվականի սեպտեմբերին, Թրամփի առաջին նախագահության ժամանակ, փաստաթղթում նշվել է, որ Պեկինը զբաղված է «քաղաքական և սոցիալական արդիականացման նպատակաուղղված ձգտմամբ, որը ներառում է հեռագնա ջանքեր՝ ուղղված Չինաստանի ազգային հզորության ընդլայնմանը, դրա համակարգերի ու կառավարման կատարելագործմանը և միջազգային համաշխարհային կարգի վերանայմանը»։

Bloomberg-ը նաև նշել է, որ Բայդենի վարչակազմի 2022 թվականի Ազգային պաշտպանության ռազմավարության մեջ Չինաստանը սահմանվել է որպես գլխավոր աշխարհաքաղաքական մարտահրավեր, որը որոշում է ռազմական մրցակցության համատեքստում ԱՄՆ զինված ուժերի զարգացման տեմպերը։