Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Բաչո Ախալայային, որը Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը, որպես հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում նախագահական պալատի վրա հարձակման գլխավոր կազմակերպիչ։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՊԱԾ պետի առաջին տեղակալ Լաշա Մաղրաձեն։


«Հավաքված ապացույցների հիման վրա հաստատվել է Վրաստանում հոկտեմբերի 4-ի իրադարձությունների գլխավոր կազմակերպչի ինքնությունը։ Հետևաբար, մենք ձերբակալել ենք Բաչանա (Բաչո) Ախալայային», – ասել է Մաղրաձեն՝ հավելելով, որ նրա կինը՝ Անի Նադարեիշվիլին, ձերբակալվել է նախկին նախարարի հետ միասին, սակայն անվտանգության ուժերը նրան ազատ են արձակել։ Նադարեիշվիլիի նկատմամբ հետաքննությունը շարունակվում է։


ՊԱԾ-ն նշել է, որ անվտանգության ուժերը ուսումնասիրել են Ախալայայի նամակագրությունը և հեռախոսազանգերը, որոնք նա կատարել է հեռախոսային հավելվածի միջոցով նախագահական պալատի վրա հարձակման մյուս կազմակերպիչների և մասնակիցների հետ։ Մաղրաձեն պարզաբանել է, որ IP հասցեն, որի միջոցով Ախալայան շփվել է իր հանցակիցների հետ, պատկանում է իր կնոջը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները կարողացել են վերականգնել իրադարձությունները րոպեի ճշտությամբ։