Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը քննարկում են ՌԴ զորքերի կողմից զավթված Զապորոժիեի ԱԷԿ-ի համատեղ վերահսկումը՝ առանց Ուկրաինայի մասնակցության, տեղեկացրել է «Коммерсант»-ի թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը՝ չբացահայտելով տեղեկատվության աղբյուրը։


Նրա տվյալներով՝ Պուտինն այդ մասին խոսել է բիզնեսի ներկայացուցիչների հետ դեկտեմբերի 24-ի փակ հանդիպման ժամանակ։ «Ամերիկյան գործընկերները, օրինակ, հետաքրքրվածություն են ցուցաբերել՝ զբաղվելու Զապորոժիեի ԱԷԿ-ի մայնինգով։ Ուկրաինա էլեկտրաէներգիայի մատակարարումները, նույնպես ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, քննարկվում են»,- ասել է Կոլեսնիկովը։


Նա ավելացրել է, որ Պուտինի խոսքով՝ ԱՄՆ-ը Ռուսաստանին հարցրել է, թե կարելի է արդյոք, որ ուկրաինացի մասնագետներն աշխատեն ԱԷԿ-ում։ Պուտինը «պատասխանել է, որ նրանք են հիմա այնտեղ աշխատում, ինչպես առաջ, պարզապես նրանց անձնագիրն այժմ ռուսական է», ասել է Կոլեսնիկովը։


Ռուսաստանը Եվրոպայում ամենամեծ՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գրավել է Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկզբում։ Կայանի վերահսկումը կարեւոր հարցերից մեկն է, որը բարձրացվում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի հակամարտության կարգավորման ժամանակ։


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ տեղեկացրել էր, որ ամերիկյան կողմը պնդում է, որպեսզի ԱԷԿ-ը համատեղ շահագործեն Ուկրաինան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը, ընդ որում՝ Միացյալ Նահանգները դարձել է համատեղ ձեռնարկության գլխավոր մենեջերը։


Ուկրաինան, Զելենսկու խոսքով, ցանկանում է, որպեսզի կայանը կառավարեն միայն Կիեւն ու Վաշինգտոնը։ Այդ դեպքում արտադրվող էլեկտրաէներգիայի 50 տոկոսը կստանա Ուկրաինան, մնացած 50 տոկոսը կբաշխի ԱՄՆ-ը։