Իրանի Մեջլիսը (միապալատ խորհրդարանը) հավանություն է տվել հաջորդ տարվա բյուջեի նոր նախագծին (Իրանում նոր՝ 1405 թվականը կսկսվի 2026 թ. մարտի 21-ին)՝ կառավարության կողմից փոփոխություններ կատարելուց հետո: Իրանի խորհրդարանի բաց նիստի ժամանակ նոր նախագծի ընդունմանը կողմ է քվեարկել 171 պատգամավոր, դեմ՝ 69-ը, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:

Թարմացված փաստաթղթում պետական ծառայողների աշխատավարձերի 20 տոկոս բարձրացման փոխարեն նախատեսվել է դրանց աստիճանական աճ մինչև 43%: Փոփոխությունները վերաբերել են նաև ավելացված արժեքի հարկին. 12%-ի փոխարեն հաստատվել է 10% ցուցանիշը: Միևնույն ժամանակ ավելացվել են բնակչության համար մի շարք առաջնահերթ ոլորտներում առկա սուբսիդիաները:


Դեկտեմբերի 30-ին Մեջլիսի համապատասխան հանձնաժողովը մերժել էր կառավարության կողմից նախկինում ներկայացված բյուջեի նախագիծը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ փաստաթղթում պետք է ավելի մեծ տեղ հատկացվի ժողովրդին, շուկային և արտադրական հատվածին: Նույն օրը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նամակ էր հղել խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին՝ հայտնելով կառավարության պատրաստակամությունը բյուջեի նախագծում անհրաժեշտ ուղղումներ կատարելու վերաբերյալ: