Բոլորն ավանդույթներն էլ մեր ժողովրդին ուղեկցել են դարերով, հազարամյակներով, իսկ դրանց անհետացումն ու մոռացության մատնելը չիմացության հետևանք է:
Ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը հայտնում է, որ անցյալում աղջիկներն ու տղաները մանկուց դաստիարակվել են ազգի և պետության նկատմամբ պատասխանատվության զգացումով, պետության շահերը գնահատելով, հայրենանվեր լինելու, հայրենիքը, օջախը, ընտանիքը գնահատելու գիտակցությամբ, երկիրը սերնդաճով ապահովելու, ազգային վերարտադրությունը խնամքով կազմակերպելու նպատակաուղղվածությամբ:
«Եթե այդպիսի դաստիարակություն չլիներ, մեր ազգը այսքան տարի կանգուն չէր լինի, ինչպես շատ այլ ազգեր, որոնք այլևս գոյություն չունեն: Ի՞նչն է, որ հայ ազգին պահել ու այսօր էլ պահում է. դա գերդաստանական ավանդույթներով ապրելու կենսաձևն է: Իսկ այսօր մեր հարսանիքները բավականաչափ հեռացել են ավանդականից, ընտրության համակարգից: Այսօր երիտասարդները գտնում են, որ պետք է ազատ դաստիարակվեն և հարաբերվեն»,-իր խոսքում նշեց ազգագրագետը:
Նա նաև ասաց, որ նախկինում գյուղերում խոտի դեզերի մեջ ավել և ցախավել էին դնում: Ավելը` ի նշան այն բանի, որ տանն արդեն կա ամուսնանալու տարիքում գտնվող աղջիկ, իսկ ցախավելը` այրի կնոջ առկայությունն էր տանը: Սրանք հուշում էին, որ ամուսնանալ ցանկացող տղաներն ու տղամարդիկ կարող էին այդ տուն այցելել:
«Մեր ժամանակների համակարգչային ծառայությունները, կարծես, դրանց են փոխարինում: Սա ցույց է տալիս, որ մենք հեռացել ենք մեր ավանդական սովորույթներից ու ավանդույթներից»,- ասաց ազգագրագետը:
Ազգագրագետը խորհուրդ է տալիս մեր օրերում հապճեպ չիրականացնել ամուսնությունները, և որքան էլ նախկինում ծնողներն են խորհուրդ տվել զուգընկերոջ հարցում, դա չի նշանակում, որ երիտասարդների կարծիքները հաշվի չեն առնվել:
«Այն ժամանակ հաշվի են առնվել ողջ ազգ ու տակի կարծիքը, աղջկա մոր դիրքը, վարքը, նույնիսկ հասնում էին մինչև 7 պորտ էին հարցնում: Եվ այս ընտրությունը հասարակայնորեն էին կատարում: Ինչու՞ են այսօր շատացել ամուսնալուծությունները, քանի որ նրանք ընտրություն չէին կատարում համապատասխան երկմտածմունքի փնտրտուքով: Եվրոպական սողոսկումները քանդում են մեր ընտանիքների ներդաշնակությունը»,- իր համոզմունքը հայտնեց ազգագրագետը:
Նա նաև հայտնեց, որ ի տարբերություն նախկինի` այսօր քավորին մեծ տեղ ու դերակատարություն չեն տալիս: «Քավորը պետք է լիներ արու զավակներ ունեցող, մեծ պատիվ ձեռք բերած, կարևորը` ամուսնացած այր, ով իր օժանդակությամբ ու հովանավորությմաբ պետք է միշտ այդ զույգի կողքին լիներ: Իսկ մեր օրերում քավոր են նշանակում երիտասարդ, չամուսնացած տղաների, հաճախ նաև ազգակից, ինչն այն ժամանակ կտրականապես արգելվում էր: Քավորի սխալ ընտրությունը, ինչպես հնում էին ասում, իր վատ հետևանքները կարող էր ունենալ նորապսակների կյանքում` աններդաշնակության, իրարից շուտ հիասթափվելու ձևով արտահայտված»,- իր խոսքում նշեց ազգագրագետը:
Նա նաև խոսեց ամուսնական արարողություններից` նշելով, որ դրանք նույն ֆորմատում, տարբեր գունազարդմամբ միջոցառումներ են:
«Այսօր ինչ էր կազմակերպություններ հարսանիքներ են նախաձեռնում ու բոլորը նույն սցենարով, բայց չէ որ հարսանիքը հենց այն առավելությունն ունի, որ յուրաքանչյուրինը յուրովի ու առանձնահատուկ պետք է լինի:
Ինչ վերաբերում է ամուսնանալու տարիքին, ազգագրագետը նշեց, որ այն ժամանակ 17-18 տարեկան չամուսնացած աղջիկներն արդեն համարվում էին «դախացած», տանը մնացած, իսկ այսօր աղջիկները դառնում են 30-35 տարեկան, հազիվ ունենում են 2 երեխա, այն էլ ինչ որ բուժումների օգնությամբ: