ԱՄՆ զինված ուժերը Կարիբյան ծովում կալանել են Վաշինգտոնի պատժամիջոցների ներքո գտնվող Sophia նավթատարը, որը տեղափոխում են Միացյալ Նահանգներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է X սոցիալական ցանցում ԱՄՆ ԶՈւ Հարավային հրամանատարության տարածած հաղորդագրությունում։

«Կալանված Sophia նավը գտնվում էր միջազգային ջրերում և անօրինական ակտիվություն էր դրսևորում Կարիբյան ծովում։ ԱՄՆ ափային պահպանությունը տեղափոխում է Sophia-ն՝ այս գործի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար»,- նշված է հայտարարությունում։

Հաղորդվում է նաև, որ որևէ պետության չպատկանող նավթատարի կալանումը տեղի է ունեցել առանց միջադեպերի։

Հունվարի 7-ին ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը հայտարարել էր Հյուսիսային Ատլանտիկայում ռուսական դրոշի ներքո նավարկող Marinera նավթատարի կալանման մասին։