ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր, որով Միացյալ Նահանգները դուրս է գալիս 35 կազմակերպություններից, որոնք ՄԱԿ–ի կազմում չեն, և ՄԱԿ-ի 31 գործակալություններից, որոնք «գործում են ԱՄՆ ազգային շահերին հակառակ», հաղորդում է Reuters-ը։
Պարբերականը նշում է, որ Սպիտակ տունը չի թվարկել այդ կազմակերպությունները, բայց նշել է, որ դրանք խթանում են «ռադիկալ կլիմայական քաղաքականություն, գլոբալ կառավարում և գաղափարախոսական օրակարգեր, որոնք հակասում են ԱՄՆ ինքնիշխանությանը և տնտեսական հզորությանը»։
«Այս դուրս գալը կդադարեցնի ամերիկացի հարկատուների ֆինանսավորումը և մասնակցությունը այն կազմակերպություններում, որոնք առաջ են մղում գլոբալիստական օրակարգերը ԱՄՆ առաջնահերթություններից վեր։ ԱՄՆ հարկատուների միջոցները լավագույնս օգտագործվում են այլուր՝ համապատասխան առաքելություններին աջակցելու համար», - հայտարարել է Սպիտակ տունը։
Reuters-ը հիշեցնում է, որ իր երկրորդ ժամկետի սկզբից ի վեր Թրամփը ձգտել է կրճատել ՄԱԿ-ի ֆինանսավորումը, դադարեցնել ԱՄՆ-ի համագործակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հետ, շարունակել կրճատել ՄԱԿ-ի Պաղեստինի օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA) ֆինանսավորումը և դուրս գալ ՄԱԿ-ի մշակութային գործակալությունից՝ UNESCO-ից։
Նա նաև հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից և Փարիզի կլիմայական համաձայնագրից դուրս գալու ծրագրերի մասին։


