Խաղաղության համաձայնագրի կնքման դեպքում՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են 7500-ական զինծառայող ուղարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովման համար, գրում է The Times-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Ըստ պարբերականի տվյալների՝ Մեծ Բրիտանիայի ռազմական ղեկավարությունն առաջարկել էր ուղարկել 10 հազար զինվորական, սակայն պաշտպանության նախարարությունում այդ պլանը համարել են «անիրագործելի»՝ հաշվի առնելով բրիտանական բանակի ներկայիս թվաքանակը (մոտ 71 հազար պատրաստված զինծառայող, ինչպես նշում է The Times-ը)։

Զորակազմի մյուս մասը կկազմեն ֆրանսիացի զինվորականները։ Առայժմ խաղաղության հաստատումից հետո Ուկրաինա զորք ուղարկելուն համաձայնել են միայն այս երկու երկրները, իսկ զորակազմի ենթադրյալ թվաքանակը «զգալիորեն քիչ է սպասվածից», նշում է The Times-ը։

Պարբերականի մի քանի զրուցակիցների խոսքով՝ նույնիսկ 15 հազարանոց զորակազմը «չափազանց լավատեսական է թվում»։ Եվրոպայում Ուկրաինայի մեկ այլ խոշոր դաշնակից՝ Գերմանիան, պատրաստ է ուժեր տեղակայել Ուկրաինայի մերձակայքում՝ հավանաբար Լեհաստանում կամ Ռումինիայում, նշել է The Times-ի ռազմական աղբյուրը։

Ընդ որում, Ուկրաինա ուղարկվող զորքերի վերջնական թվաքանակը դեռևս համաձայնեցված չէ, իսկ դրանց տեղակայումը կախված կլինի բազմաթիվ գործոններից, ներառյալ կրակի դադարեցման պայմաններից, նշում է թերթը՝ հղում անելով Բրիտանիայի պաշտպանության նախարարության աղբյուրին։

Հունվարի 6-ին Զելենսկին Փարիզում հանդիպել է եվրոպական «ցանկացողների կոալիցիայի» անդամների, ինչպես նաև Թրամփի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Հանդիպման արդյունքում ընդունվել է պատերազմի ավարտից հետո Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին հռչակագիրը։ Այն ստորագրվել է Զելենսկու, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի կողմից։ Փաստաթղթում խոսվել է «բազմազգ ուժի» մասին, որը անվտանգության երաշխիքներ կապահովի, սակայն դրա չափը չի նշվել։