Առաջիկա եւ հետագա բոլոր կիրակիներին կմասնակցեմ սուրբ եւ անմահ պատարագի։ Այս մասին facebook–ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել։
Նա, մասնավորապես, նշել է. «Իհարկե բացառություն կլինեն այն դեպքերը, երբ որ կա աշխատանքային կամ ինչ-որ այլ անհաղթահարելի պատճառ, և երկրորդը՝ հիմնականում չեմ հայտարարի, թե որտեղ եմ մասնակցելու պատարագի։ Ինչո՞ւ, որովհետև կարծում եմ, որ Հայաստանի այս առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման կողմնակիցները պետք է պատարագի մասնակցեն բոլոր եկեղեցիներում և քրիստոնեական սիրով և համոզչականությամբ խոսեն, քննարկեն քահանաների հետ, որպեսզի նրանք Սուրբ և անմահ պատարագի ընթացքում չհիշատակեն Կտրիճ Ներսիսյանի անունը։ Սա կարծում եմ՝ բարենորոգման օրակարգի կողմնակիցների առաջիկա ամենակարևոր անելիքը պետք է լինի։ Կրկին ընդգծում եմ քրիստոնեական սիրով, հանդուրժողական ուղղությամբ և քրիստոնեական համոզչական ուժը օգտագործելով։
Նաև մի շարք համայնքներից քաղաքացիները հարցնում են՝ ինչու մեր համայնքում չեք գալիս պատարագի, ես կգամ բոլոր համայնքներում պատարագի, միայն խնդրում եմ նախապես քննարկել քահանաների հետ, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի, որ նրանք սուրբ և անմահ պատարագի ընթացքում չեն հիշատակելու Կտրիճ Ներսիսյանի անունը։
Նաև նրանք, որոնք ուզում են նման նախաձեռնությամբ հանդես գալ, այսինքն իրենց համայնքի եկեղեցում ինձ հրավիրել պատարագի, ես ասեմ, որ նախապես կընդունեմ այդ հրավերը, միայն խնդրում եմ խոսել քրիստոնեական սիրով, հանդուրժողականությամբ և համոզչականությամբ մեր հարգելի քահանաների հետ, որպեսզի նրանք սուրբ և անմահ պատարագից զեղչեն այն անունը, որը արժանի չէ հնչելու սուրբ և անմահ պատարագի ընթացքում։
Իսկ առաջիկա կիրակի կմասնակցեմ պատարագի, բայց ինչպես պայմանավորվեցինք չեմ հայտարարի նախապես թե որտեղ, շնորհակալ եմ»։


