Երկար տարի պետական համակարգում աշխատող Ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը այս պաշտոնին հասել է հասարակ առաջատար մասնագետի հաստիքից։
Սիրունյանը 2000 թվականին առաջին անգամ աշխատանքի է տեղավորվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում մինչև 2005 թվականը տարբեր հաստիքներ փոխելով։ Դրանից հետո 2005-2009 թվականներին եղել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի բյուջետային հարցերով խորհրդատու, ապա 2009-2012 թվականները՝ անկախ խորհրդատու, 2012-2021 թվականները «ԱՎԱԳ Սոլյուշնս» ՍՊԸ-ի բյուջետային հարցերով խորհրդատու, իսկ 2022 թվականի դեկտեմբերից ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն է։
2012-2021 թվականներին, երբ Սիրունյանը «ԱՎԱԳ Սոլյուշնս» ՍՊԸ-ի բյուջետային հարցերով խորհրդատուն էր, ընկերությունն ակտիվ մասնակցություն է ունեցել պետական գնումներին։
Մամուլից տեղեկանում ենք, որ 2016 թվականին ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության, ցանկացել է պարզել՝ ինչ ազդեցություն է ունեցել ՀՀ տնտեսության վրա ԵՏՄ-ին անդամակցությունը 2015 թվականի առաջին կիսամյակում: Վերլուծությունը պատվիրվել էր «Ավագ Սոլյուշնս» ՍՊԸ-ին, որի սեփականատերն ու ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանն է։ Աշխատանքի համար «Ավագ Սոլյուշնս» ընկերությանը վճարվել էր 3 մլն 955 հազար դրամ։
Փոխնախարար Վահան Սիրունյանը այս տարիների ընթացքում կարողացել է ձեռք բերել բնակարան 2007 թվականին Երևանում և 2013 թվականին ավտոտնակ։
Բացի նշված գույքից Սիրունյանն ունի նաև բնակարան, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, սակայնշահագործվում է իր կողմից։
Սիրունյանը սեփական տրանսպորտային միջոց ևս չունի, սակայն շահագարծում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող NISSAN մակնիշի մեքենա։
Փոխնախարարի բանկային ավանդները կազմել են 8 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 5 մլն 797 հազար դրամ, 3,5 հազար դոլար, 150 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 10 հազար դոլար։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 15 մլն 65 հազար դրամ, որը աշխատանքի վաձատրություն է ՀՀ Ֆինանսների նախարարությունից։
Փոխնախարարը տարվա ընթացքում ևս 2 աղբյուրից եկամուտ է ստացել, սակայն դրանց մանրամասները պաշտպանված են։


