Վեդիի համայնքապետարանի աշխատակցի՝ վերադասի պահանջով Փաշինյանի մասնակցությամբ պատարագին ներկա գտնվելու հայտարարությունից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդում է ստացել, որին օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։ Այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից։
Ավելի վաղ հայտնել էր, որ նախօրեին՝ հունվարի 11–ին, Վեդիի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցը հիվանդանոցից հիվանդ վիճակում դուրս է գրվել՝ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում պատարագի մասնակցելու համար։
«Վիրահատված եմ, երկար կանգնած չեմ կարողանում մնալ։ Պահանջվել է, որ գանք, եկել եմ, հիվանդանոցից պրյամո եկել եմ էստեղ։ Վափշէ չեմ մասնակցել նման բաների, որ չգայինք չէր լինի»,– ասել է նա։
Հարցին՝ ով է պահանջել, քաղաքացին արագ փոխել է խոսքը. «Դա պահանջ չէր, դա մեր եկեղեցական պարտքն է, չի նշանակում, որ դա ինչ որ մի հարց է... ինձ ոչ ոք չի առաջարկել, ես իմ համար եմ եկել։ Հիվանդանոցից եկել եմ, էլի պիտի հետ գնամ հիվանդանոց»։
Նշենք, որ Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը նույնպես չի հերքել, որ իր աշխատակիցները Մասիսում մասնակցել են Նիկոլ Փաշինյանի հետ պատարագին։


