Սահմանային ծառայություն անցնող զորակոչիկները կկարողանան յուրաքանչյուր վեց ամիսը մեկ 10 օր արձակուրդ վերցնել, որի արդյունքում արձակուրդի ընդհանուր օրերի թիվը կհասնի 30-ի։ Այս մասին հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա հավելել է, որ թիկունքային զորամասերի համար արձակուրդային օրերի ընդհանուր թիվը կկազմի 21 օր։


«Երդման արարողությունից հետո զինծառայողը կարող է 2 օր ունենալ արձակուրդ, ծնողը նույնիսկ կարող է չգալ զորամաս, զինծառայողը կստանա երկօրյա արձակուրդը, կգնա իրենց տուն, իր հարազատների հետ կվայելի այդ հանգիստ և կվերադառնա հիմնական ծառայության որպես լիիրավ զինծառայող», - նշել է Պապիկյանը։

Նա հավաստիացրել է, որ ի տարբերություն նախկին ժամանակների, երբ «զինվորը ասոցացվում էր սովածի հետ», հիմա նման երևույթ չկա։

Նախարարը հիշեցրեց, որ զինվորական ծառայության ժամկետը 2 տարուց կրճատվել է մինչև 1.5 տարի։