Մենք հասկացանք, որ հնարավոր չէ այս թնջուկից դուրս գալ առանց միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը, ինքնիշխանությունը ճանաչելու։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին, «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում իր խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում ընդունած փաստաթղթին, որով Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ։
«Եթե մենք այդ այդ որոշումները չկայացնեինք, ես նույնիսկ չեմ փորձի նկարագրել, թե 2026 թվականի հունվարի 14-ի դրությամբ ի՞նչ կլիներ ընդհանրապես մեր տարածաշրջանում, չեմ ասում Հայաստանի Հանրապետությունում»,–ասաց Փաշինյանը։
Նա կոչ արեց տեսնել, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, որ աշխարհը փոթորկվում է, իսկ Հայաստանը և մեր տարածաշրջանը այսօր քայլ-քայլ առնվազն Հայաստան-Ադրբեջան հարցում վերածվում է կայունության, անվտանգության, համագործակցության մի միջավայրի։
«Սա շատ մեծ ձեռքբերում է։ Այսօր մենք հասել ենք այն կետին, որ TRIPP նախագծի հետ կապված այն բաց հարցերը, որոնք կային հռչակագրի ընդունումից հետո, ստացել են պատասխաններ։ Շատ կարևոր է, որ մենք ունենք բանաձև, որ լիարժեք բավարարում է և պիտի բավարարի Հայաստանին, բնականաբար լիարժեք բավարարում է Միացյալ Նահանգներին, լիարժեք բավարարում է. իմ կարծիքով, Ադրբեջանին։ Սրանով կանաչ լույս է վառվում տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու գործին։
Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը, որի անձնական հետաքրքրվածությունը և ներգրավվածությունը, անկասկած ունեցավ վճռորոշ նշանակություն։ Հիմա մեզ արդեն հարկավոր է մտածել հետագա քայլերի մասին»,– հայտարարեց Փաշինյանը։


