Թրամփը մի օր կհեռանա, բայց Իրանի և Հայաստանի միջև բարեկամությունը կմնա։ Այս մասին հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին։
Մեկնաբանելով Իրանից բենզին գնող երկրների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացնելու մասին ԱՄՆ նախագահի մտադրությունը՝ դեսպանը նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփը նման հայտարարություններ է անում։
Շիրգոլամին հավելել է, որ Իրանն ունի հզոր տնտեսություն և սովորել է աշխատել բարդ պայմաններում։ «Մենք հիմա էլ ենք աշխատում մեր գործընկերների հետ ծանր պատժամիջոցների պայմաններում, որոնք նախկինում սահմանել էր Թրամփը։ Մենք կոչ ենք անում նրան հրաժարվել այդ կարճատես մոտեցումից։ Մենք կշարունակենք համագործակցությունը մեր գործընկերների հետ, որը հիմնված է փոխադարձ շահի վրա։ Գլխավորը կողմերի քաղաքական կամքն է, ըստ որի պետք է զարգացնել համագործակցությունը՝ չնայած առկա դժվարություններին», - ընդգծել է դիվանագետը։


