Իրանի անվտանգության և հետախուզական ուժերը երեք նահանգներում բերման են ենթարկել ավելի քան 470 հոգու, ովքեր համարվում են «վերջին շրջանի բռնի անկարգությունների և ահաբեկչական գործունեության հետևում կանգնած առանցքային դեմքեր, որոնք կապված են արտերկրից աջակցություն ստացող ցանցերի հետ։ Այս մասին հայտնում է Press TV-ն:

Խորասան-Ռազավի նահանգի Հետախուզության նախարարության նահանգային վարչությունը երկուշաբթի օրը հայտարարել է 192 զինված ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք, ինչպես պարզվել է, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին անկարգությունների հիմնական կազմակերպիչներն են:

Պաշտոնական հայտարարության համաձայն՝ ձերբակալվածները ներգրավված են եղել անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցների և քաղաքացիական անձանց սպանությունների, մզկիթների, հանրային սննդի օբյեկտների և ավտոբուսների հրկիզումների, ինչպես նաև ռազմական կենտրոնների ու իրավապահ մարմինների վրա հարձակումների մեջ: Խմբից առգրավված իրերի թվում են մի քանի զրահաբաճկոններ, Կալաշնիկովի ինքնաձիգներ, որսորդական զենքեր, Winchester հրացաններ և տարբեր սառը զենքեր, ինչպիսիք են դաշույնները, թրերը, կաստետները, մարտական դանակները, արբալետներն ու շղթաները: Ապացույցները մատնանշում են, որ այդ անձանցից ոմանք կապված են եղել «թշնամական շարժումների և ահաբեկչական կազմակերպությունների հետ, որոնք կապեր ունեն արտերկրում»:

Մյուսները նույնականացվել են որպես «հանցավոր խմբավորումների» անդամներ, որոնք իրենց հանցակիցների հետ միասին ակտիվորեն մասնակցել են անկարգություններին:

Միևնույն ժամանակ, արևմտյան Լուրեստան նահանգում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է 134 հոգու ձերբակալության մասին, որոնք հանդիսանում են ամերիկա-իսրայելական ահաբեկչական ցանցի հիմնական առաջնորդներ և ազդեցիկ գործակալներ:

ԻՀՊԿ հայտարարության մեջ ասվում է, որ այդ անձինք վերջին անկարգությունների ժամանակ ձևավորել են ահաբեկչական բջիջներ՝ «իրականացնելով ԴԱԻՇ-ին (ԻՊ — խմբ.) բնորոշ գործողություններ»: Նրանք հրազենով և սառը զենքով վիրավորել են անվտանգության ծառայության աշխատակիցներին, ինչպես նաև այրել ու ոչնչացրել են պետական և մասնավոր գույքը, այդ թվում՝ մզկիթներ, խանութներ, բանկեր, մասնավոր և հասարակական տրանսպորտային միջոցներ:

Հյուսիսարևմտյան Զենջան նահանգում ոստիկանությունը հայտնել է 150 հոգու ձերբակալության մասին, որոնք, ինչպես պարզվել է, վերջին անկարգությունների հիմնական ղեկավարներն ու կազմակերպիչներն են:

Իշխանությունները նշել են, որ այդ անձինք պատասխանատվություն են կրում նահանգի հրապարակներում պետական ու մասնավոր գույքի ոչնչացման և տրանսպորտային միջոցների միտումնավոր հրկիզումների համար: