«TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք»։ Դրա մասին Դավոսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է APA-ն։

Ըստ Ալիևի՝ «Ադրբեջանի և եղբայրական Թուրքիայի միջև շատ սերտ դաշնակցային հարաբերություններ են կառուցվել»։

«Մենք խոշոր ներդրումներ ենք կատարել Թուրքիայում։ Մեր ներդրումների ծավալը Թուրքիայում գերազանցում է 20 միլիարդ դոլարը»,- ասել է Ալիևը։

 

Նա նաև նշել է, որ Ադրբեջանը Վրաստանում խոշորագույն ներդրողներից մեկն է։

«TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք՝ Ասիայից Կասպից ծովով, Ադրբեջանով, Հայաստանով, Նախիջևանով (վերջինն Ադրբեջանի մաս է կազմում), Թուրքիայով և Վրաստանով անցնող առկա երթուղիներին զուգահեռ։ Հետևաբար, որքան շատ երթուղիներ լինեն, այնքան լավ սպառողների, մատակարարների և տարանցիկ երկրների համար։ Հետևաբար, որպես պետություն, մենք միշտ ուշադրություն ենք դարձնում տարածաշրջանային օրակարգին»,- ասել է Ալիևը։

Նա նշել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև զուգահեռ կարգավորման գործընթացները անխուսափելիորեն կհանգեցնեն Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանը։

«Դա անելով՝ մենք միաժամանակ փոխում ենք մի հսկայական աշխարհագրական տարածք՝ Եվրասիայի մի մասը։ Դա խիստ կարևոր է հաղորդակցության, էներգետիկ անվտանգության, խաղաղության և կայունության համար և ցույց է տալիս, թե ինչպես կարող են երկարատև պատերազմներն ու հակամարտությունները վերածվել գործընկերության և համագործակցության»,- հավելել է նա։