Մայնցի Յոհաննես Գուտենբերգի համալսարանի երկրաբան Սիս Պասխիերի գլխավորությամբ գիտնականները Նամիբիայի, Օմանի և Սաուդյան Արաբիայի անապատներում մարմարի և կրաքարի մեջ փորված անսովոր թունելներ են հայտնաբերել։


Հետազոտության արդյունքները հրապարակվել են Geomicrobiology Journal հանդեսում։


Այդ կառույցները նման են մանրադիտակային անցքերի, որոնք, հետազոտողների կարծիքով, կարող էին փորված լինել ժայռի մեջ ապրող անհայտ հնագույն օրգանիզմի կողմից։ Դրանք հայտնաբերվել են ժայռի էրոզիայից հետո, որը նախկինում մակերեսի տակ թաքնված բարակ զուգահեռ թունելների ցանցեր է բացահայտել։

Վերլուծությունը ցույց է տվել, որ թունելները պարունակում են կալցիումի նստվածքներ և այլ հետքեր, որոնք բնորոշ են կենսաբանական գործընթացներին, այլ ոչ թե պարզ եղանակային պայմաններին կամ այլ աբիոտիկ (ոչ կենդանի) մեխանիզմներին։ Հետազոտողները թունելների ներսում հայտնաբերել են կենսաբանական նյութ և պարզել, որ դրանց ձևն ու դասավորությունը չափազանց կանոնավոր են պատահական ժայռի էրոզիայի արդյունք լինելու համար։ Դա հիմք է տալիս ենթադրելու, որ խորհրդավոր օրգանիզմը «ճեղքել» է իր ճանապարհը տարածության մեջ՝ հնարավոր է՝ սննդանյութեր փնտրելով անապատային պայմաններում, որտեղ ջուրն ու սնունդը չափազանց սահմանափակ են։

Գիտնականներն այդ թունելների հնարավոր ստեղծողների մասին մի քանի վարկածներ են քննարկում: Հայտնի է, որ որոշ մանրէներ և այլ միկրոբներ ապրում են ժայռերի ներսում, սնվում են հանքանյութերով և թողնում հետքեր մանրէային խողովակների տեսքով։

Սակայն հայտնի խմբերը, օրինակ՝ ցիանոբակտերիաները, սովորաբար ֆոտոսինթեզի համար արևի լույս են պահանջում և ժայռի մեջ այդքան խոր չեն թափանցում, մինչդեռ սնկերը ավելի քաոսային կառուցվածքների ցանց են կազմում, ի տարբերություն հայտնաբերված հարթ, զուգահեռ թունելների։

Դեռևս ոչ մի բրածո օրգանիզմ չի հայտնաբերվել, թերևս միայն նրանց գործունեության հետքերը, սակայն երկրաքիմիական տվյալները ցույց են տալիս, որ թունելները ձևավորել են կենդանի օրգանիզմները: Դեռևս անհասկանալի է, թե արդյոք այս մանրէները առանձին տեսա՞կ էին, որն այժմ անհետացել է, թե՞ դեռևս գոյություն ունեն Երկրի խորքում՝ դժվարամատչելի վայրերում։

Այս նոր հայտնագործությունը ստիպում է վերանայել մեր մոլորակի վրա կյանքի սահմանները և խթանում է էնդոլիթոֆիլ (ժայռի ներսում բնակվող) օրգանիզմների հետագա հետազոտությունները, որոնք կարող են գոյություն ունենալ այնտեղ, որտեղ, թվում է, թե կյանքն անհնար կլիներ։