«Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը համոզված է, որ Զարուհի Փոստանջյանի կողմից ԵԽԽՎ-ում նախագահ Սարգսյանին ուղղված հարցը ժողովրդին ևս մեկ անգամ շեղելու միտում էր: «ՀՀԿ-ն իր ձայնը տալիս է Փոստանջյանին` Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Իհարկե դա նախապես պայմանավորված ծրագիր է եղել: Կազինոյի մասին հարց տալը մեղադրանք չէր: Մենք չգիտեի՞նք , որ ինքը խաղում է: Արտաշես Գեղամյանն էլ ժամանակին բարձրացրել էր այդ հարցը: Սա առաջին անգամ չէր»,- իր խոսքում նշեց Կարապետյանը:
Շարոնակելով իր խոսքը` Կարապետյանը նաև նշեց, որ իշխանություններն արդեն 20 տարի է շեղում են ժողովրդին իրական և գլխավոր խնդիրներից: Նա համոզված է, որ մարդիկ արդեն իրենց սեփական երկրում չեն կարողանում ապրել: «Մեր իշխանություններն էլ, ընդդիմությունն էլ դրսի ուժերին են ապավինում: Ամոթ է մեզ, շատ պետություններում չգիտեն` հայն ինչ բան է, իսկ մենք պետք է այնպես ապրենք, որ մեզ հարգեն ու ճանաչեն»,- հավելեց Տիգրան Կարապետյանը:


