«Գրենլանդիայի շուրջ ծագած վեճից հետո դաշինքի ներսում հարաբերությունների սրման ֆոնին ՆԱՏՕ-ն սկսում է այս տարվա խոշորագույն զինավարժությունները, հայտնում է Bild-ը:
Steadfast Dart զորավարժությունները մշակում են Ռուսաստանի հնարավոր հարձակման դեպքում (այդ թվում՝ Բալթյան երկրների կամ Լեհաստանի վրա) զորքերի և տեխնիկայի արագ տեղափոխման սցենարը:
Զորավարժություններում կենտրոնական դեր է խաղում Գերմանիան: Երկիր են տեղափոխվում ավելի քան 10,000 զինծառայողներ 11 պետություններից. ներգրավված են 17 նավ, 20 ռազմական ինքնաթիռ, մոտ 1500 միավոր ծանր տեխնիկա, ներառյալ տանկեր, հրթիռային համակարգեր և ռազմական բեռնատարներ: Զորավարժությունների շրջանակում ՆԱՏՕ-ն ծավալում է Allied Reaction Force ուժերը՝ արագ արձագանքման շարժական միավորումը:
Զորավարժությունները ղեկավարում է Բունդեսվերի գեներալ Ինգո Գերհարցը, որը պատասխանատու է Կենտրոնական Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի համար:
«Կենտրոնական Եվրոպայում ՆԱՏՕ-ի մեր հրամանատարությունը ոչ միայն անցկացնում է այս զորավարժությունները, այլև պատասխանատու է դաշինքի տարածքի պաշտպանության համար՝ Ատլանտյան ափից մինչև Բալթյան երկրներ: Steadfast Dart-ը ցույց է տալիս, թե որքան կարևոր է Գերմանիան՝ որպես ՆԱՏՕ-ի պաշտպանության կենտրոն», — Bild-ի հետ զրույցում հայտարարել է Գերհարցը:


