Հայ-ադրբեջանական հարաբերություններ որպես այդպիսին չկան, եթե հաշվի չառնենք տարվա մեջ մեկ-երկու շփումերը՝ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների տեսքով: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում խոսելով Ադրբեջանում օրեր անց կայանալիք նախագահական ընտրությունների և դրանց ազդեցության մասին, նման տեսակետ արտահայտեց քաղաքագետ-միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը: «Ամենահավանական թեկնածուն, բնականաբար, Իլհամ Ալիևն է, այդ մասին են խոսում բոլորը և այդ դեպքում փոփոխությունների ականատես դժվար թե լինենք», - նշեց նա:

Ըստ միջազգայնագետի, հնարավոր զարգացումներ կարող են լիներ ռազմական հռետորության շարունակման և սահմանում անկանոն վիճակի պահպանման տեսքով: Իսկ խոսելով պատերազմի մասին, նա նշեց, որ ինչքան էլ Ադրբեջանի համար ձեռնտու լինի պատերազմը, նրա առջև սահմանափակումներ կան: Խոսելով ռազմական բյուջեների մասին, ասուլիսի մյուս բանախոս ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը նշեց, որ այդ առումով չպետք է մրցակցության մեջ մտնել Ադրբեջանի հետ, այլ պետք է օգտագործել այնպիսի լծակներ, որոնք կզսպեն պատերազմ սկսելու ցանկությունը: «Ընտրությունների առումով կրկին այն կարծիքին եմ, որ գործող նախագահը կընտրվի և նրա վերընտրման համար արվում է ամեն ինչ: Ընդդիմության նկատմամբ շարունակվում են ճնշումներն ու հալածանքները, խոչընդոտում են հավաքները: Այնտեղ մի իրավիճակ է, որը տարիներ շարունակ չի փոխվում», - նշեց նա, հավելելով, որ այս ընտրություններում նա որևէ դրական բան չի տեսնում՝ դեպի ժողովրդավարության անցնելու համար, նշելով, որ ժողովրդավարության մասին առհասարակ խոսել նրանք չեն կարող:

Ադրբեջանագետի խոսքերով, աչք է փակվում այն բանի վրա, որ նույն նախագահն արդեն երրրորդ անգամ է ցանկանում դառնալ նախագահ. «Այսինքն՝ այնտեղ մրցակցություն չկա», - նշեց նա:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք ընտրություններից հետո փորձ կարվի ընդվզել արդյունքները, նա նշեց, որ որոշակի ընդվզումներ և ցույցեր կլինեն, սակայն, միանշանակ, ընդդիմության լիդերի բացակայության պայմաններում, դրանք ինչպես սկսվեն, այնպես էլ ՝ կավարտվեն և ոչ մի ազդեցություն չեն ունենա:

Անդրադառնալով այնտեղ ապրող բնիկ ազգերին և նրանց ազդեցությանը, նա նշեց, որ այս առումով այդ ժողովուրդները հասկացել են, որ հայերի դեմ պատերազմները որևէ արդյունք չեն ունենա: Խոսելով ընտրությունների հնարավոր երկրորդ փուլի մասին, նա նշեց, որ այս պահին բացառում է դրանք, քանի որ այնտեղ այս պահին բացակայում է երկրորդ փուլի համար անհրաժեշտ համարժեք լիդեր: Միաժամանակ բանախոսի խոսքերով, երկրորդ փուլը կարող է արվել միայն շոուի և թատրոնի տեսքով: