Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը մեկնաբանել է ֆուտզալի հավաքականի Եվրո-2026-ի փլեյ-օֆֆ դուրս գալը:
«Մենք հիմա Կաունասում ենք: Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել եւ կերտել եվրոպական ֆուտզալի պատմություն, որովհետեւ նորեկներից մեր թիմն առաջինն է, որն առաջին փուլից դուրս է գալիս փլեյ-օֆֆ: Կարող է թվալ, թե այս հաղթանակները հեշտ են տրվել, բայց դրանց հետեւում կա ահռելի աշխատանք, ծրագիր, որը հետեւողականորեն իրականացրել ենք:
Ամեն ինչ սկսվեց 2020-ին, երբ առաջին անկյունաքարային իրադարձությունը տեղի ունեցավ ֆուտզալում՝ Հայաստանի հավաքականն առաջին անգամ խաղաց Երեւանում: Այս ամենին հավատացողները քիչ էին: Խոշոր ֆուտբոլային ակումբներից շատերը երբեւէ ցանկություն չեն ունեցել զարգացնել ֆուտզալ, տարբեր սեփականատերեր տարբեր տարիների շփումներում ասում էին՝ ֆուտզալն իրենց չի հետաքրքրում:
Մենք ունեինք ծրագիր, որն իրականացնում էին նվիրյալները՝ ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանը, այն թիմը, որը աշխատում էր ֆուտզալում եւ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, որն ամեն օր եղել է ոչ միայն ֆուտզալի հավաքականի, այլեւ բոլոր իրադարձությունների կողքին: Նպատակն էր՝ ունենալ հավաքական, որը կխաղա Երեւանում եւ նատուրիլիզացված բրազիլացիներ, որոնք կօգնեն աճեցնել մեր ֆուտբոլիստներին: Իհարկե, հույսը երբեք չենք դրել բրազիլացիների վրա, միշտ ցանկանում էինք տեղացի ֆուտբոլիստներ զարգացնել:
Ճանապարհը հեշտ չի եղել: Երբ զրկվեցինք բրազիլացիներից, շատ բարդ էր հավատալ, որ մի օր այս կետում կլինենք:
Հասկանում ենք, որ ֆուտզալը լավ առումով ընտանեկան մարզաձեւ է, ավելի փոքր, քան մեծ ֆուտբոլը, բայց իր մեծ խնդիրներով: Ֆուտզալում ներդրումներն ավելի քիչ են, ՈւԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի կողմից տրվող գումարները չնչին են, ինչը հնարավորություն չի տալիս ֆեդերացիային իրական ներդրումներ կատարել: Այստեղ խնդիրները բազմաթիվ են եւ սխալվելու իրավունք չունեինք: Եթե հասել ենք այստեղ, ուրեմն մեր ծրագիրն աշխատել է:
Չէի ասի՝ արել ենք անհնարինը, բայց արել ենք այն, ինչ պետք է զարմանալի լինի շատերի համար: Հայաստանի ֆուտզալի հավաքականը բոլորին ստիպեց հետեւել ֆուտզալին: Համոզված եմ, որ այս հաջողությունը ոգեւորիչ կլինի շատերի համար, հայկական ֆուտբոլի մյուս ձեւերի համար»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը:
Հայաստանի հավաքականն առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել է Ուկրաինային, երկրորդ խաղում 5:4 հաշվով պարտության է մատնել Չեխիային եւ խմբում գրավել է առաջին տեղը։
Երրորդ տուրում Հայաստանի թիմը հունվարի 28-ին կմրցի Լիտվայի հավաքականի հետ։


