Չինաստանի եւ Կանադայի միջեւ երկկողմ համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ եւ ծառայում է երկու կողմերի ընդհանուր շահերին, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքը՝ Օտտավայի նկատմամբ 100 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասին, եթե Պեկինի հետ առեւտրային համաձայնագիր կնքվի։
«Չինաստանի եւ Կանադայի միջեւ նոր տիպի գործընկերության հաստատումը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական եւ առեւտրային հարցերի պատշաճ կարգավորման վերաբերյալ կոնկրետ համաձայնագրերն արտացոլում են հավասարության, բացության, ներառականության, խաղաղ համագործակցության եւ փոխշահավետ արդյունքների հետապնդման մթնոլորտը։ Այդ գործընկերությունն ուղղված չէ որեւէ երրորդ կողմի դեմ, ծառայում է երկու երկրների ժողովուրդների ընդհանուր շահերին եւ նպաստում է համաշխարհային խաղաղությանը, կայունությանը եւ զարգացմանը»,- նշել է նա։
Հունվարին Կանադան եւ Չինաստանը հայտարարեցին տնտեսական ոլորտում «ռազմավարական գործընկերության» մասին: Ինչպես հաղորդել է The Globe and Mail թերթը, Չինաստան կատարած այցի ժամանակ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին երկիրն անվանել է ավելի կանխատեսելի առեւտրային գործընկեր, քան Միացյալ Նահանգները: Համաձայնագրի շրջանակում Քարնին թույլ է տվել մոտ 50 հազար չինական էլեկտրական մեքենաների մուտքը Կանադա՝ ցածր մաքսատուրքով: Նախկինում Կանադան չինական մեքենաների վրա սահմանել էր 100 տոկոս մաքսատուրք, որը Օտտավան սահմանել էր 2024թ․՝ Միացյալ Նահանգների հետ միասին, Ջո Բայդենի նախագահության օրոք: Կանադայի՝ մաքսատուրքերի մեղմացմանն ի պատասխան Չինաստանը նվազեցրել է ռապսի սերմերի մաքսատուրքերը: Չինաստանի առեւտրի նախարարությունը հայտնել է, որ Պեկինը եւ Օտտավան համաձայնության են եկել փոխադարձ առեւտրային վեճերը լուծելու հարցում եւ համաձայնել են ընդլայնել տնտեսական փոխգործակցությունը:


