«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում վերջին օրերին նկատվում է նախկինում մեծ հանրային հնչեղություն ստացած քրեական գործերի համախմբման՝ «ի մի բերելու» միտում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ համակարգում կա ներքին հրահանգ՝ նախկին աղմկահարույց գործերին նորից լայն ընթացք տալ և դրանց շրջանակում նախանշելի ժամկետներում «կոնկրետ որոշումներ» կայացնել։

Այս ֆոնին, ինչպես փոխանցում են իրավապահներից «Ժողովուրդ»-ի աղբյուրները, չի բացառվում, որ ընտրություններին ընդառաջ նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով սկսվեն կամ վերաակտիվացվեն լայնածավալ քննչական գործընթացներ՝ հարցաքննությունների, առերեսումների, նոր վարույթների և այլ քննչական գործողությունների տեսքով։


Նույն աղբյուրների տվյալներով՝ իրավապահների ուշադրության կենտրոնում են նաև հոգևորականները, որոնց շուրջ ևս հնարավոր է ուժեղանա իրավապահ հետաքրքրությունը՝ սպասվող «բարդ օրերի» կանխատեսմամբ։

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է թեմայի ուսումնասիրությունը և կանդրադառնա, թե կոնկրետ որ գործերն են մտնում «ակտիվացման» փաթեթի մեջ, ինչպես նաև՝ ինչ շրջանակների մասին է խոսքը։

Երեկ հայտնել էինք, որ ՀՅԴ ղեկավար Իշխան Սաղաթելյանի շուրջ օղակը սկսել են սեղմել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: