«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ականների մեծամասնությունը չի հաշտվում այն ամենի հետ, ինչ արել են ՔՊ վարչությունում ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի «գլխին»։
Մեր աղբյուրները նշում են, որ Հունանյանի՝ ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից «հեռացնելու» և 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին նրա մասնակցությունն արգելելու հարցը շատ երկար ու թեժ քննարկվել է ԱԺ ՔՊ խմբակցության անդամների միջև։ Շատերը հաշտ չեն այդ որոշման հետ և տարբեր մասնավոր զրույցներում նշում են, որ եթե անձին խոսքի համար նման ձևով «պատժում» են, ապա շատ ՔՊ-ականներ պետք է արժանանան Հունանյանի «ճակատագրին»։
ՔՊ-ական մեր աղբյուրները նշում են նաև, որ Հունանյանն էլ հաշտ չէ այն ամենի հետ, ինչ կատարվեց իր շուրջ։
«Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ վարչության անդամներից պատմեցին, որ ՔՊ վարչության անդամները շատ խիստ ու վատ տոնով են Հունանյանի հետ խոսել, իսկ իրավիճակը փորձել է քիչ թե շատ հարթել Ալեն Սիմոնյանը։
ՔՊ-ականները չեն բացառում, որ առաջիկայում այլ ՔՊ-ականների վարք ևս բարձրաձայնվի ՔՊ վարչությունում՝ օրինակ բերելով Հունանյանի հեռացումը։
Հիշեցնենք, որ Հռիփսիմե Հունանյանը հունվարի 21-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Վերջին շրջանում Ազգային ժողովում հնչեցրած իմ որոշ մտքեր քննադատության արժանացան մեր մի շարք քաղաքացիների կողմից։ Նախ, թույլ տվեք ներողություն խնդրել իմ այն ձևակերպումների համար, որոնք այս կամ այն կերպ առաջացրել են մեր սիրելի քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը»։ Նա նաև հայտնել էր, որ հրաժարվում է ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնից»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


