ԱՄՆ կառավարության ֆինանսավորման մասնակի դադարեցումը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթվա վերջին։ Այսպիսի գնահատականներ է ներկայացրել The Wall Street Journal (WSJ) թերթը։

Կոնգրեսի Սենատի դեմոկրատները պահանջել են փոփոխություններ կատարել ընթացիկ ֆինանսական տարվա (սկսվել է 2025թ․ հոկտեմբերի 1-ից) բյուջեի նախագծում՝ կապված ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հետ, որին հանրապետականները դժվար թե հավանություն տան: Կառավարության ֆինանսավորումը պետք է հաստատվի մինչեւ շաբաթ օրը ժամը 12:01-ն:

Օրենսդիր մարմնի վերին պալատը պետք է ընդունի փաթեթի 12 մասերից մնացած 6-ը՝ հատկացումներով, որոնք թույլ կտան կառավարությանը շարունակել աշխատանքը մինչեւ սեպտեմբեր։ Մնացած վեցն արդեն ընդունվել է Կոնգրեսի եւ հավանության է արժանացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ Այսպիսով, Պենտագոնի, առողջապահության եւ սոցիալական ծառայությունների, աշխատանքի եւ ներքին անվտանգության նախարարության համար հատկացումները դեռեւս վերանայվում են օրենսդիրների կողմից:

 

Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատն անցած շաբաթ ընդունել է փաթեթի վեց մասերը եւ դրանք միավորել մեկ նախաձեռնության մեջ՝ Սենատի հաստատման համար: Հանրապետականները մեծամասնություն ունեն Սենատում (53-ը 47-ի դիմաց), սակայն, վերին պալատի կանոնների համաձայն, նրանց անհրաժեշտ է 60 ձայն՝ օրինագիծն առաջ տանելու համար: Ակնկալվում էր, որ դեմոկրատները կապահովեն անհրաժեշտ ձայները հատկացումների փաթեթն առաջ մղելու եւ այն Թրամփի ստորագրությանն ուղարկելու համար: