Թեհրանը դիտարկում է ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունները կարգավորելու համար դիվանագիտական հնարավորությունները, հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ Այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։

Բաղային հավելել է, որ «Թեհրանը հույս ունի արդյունքների հասնել առաջիկա օրերին»։

Նախօրեին Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնն ի վիճակի են բանակցություններ վարել և համաձայնության գալ իրանական միջուկային ծրագրի շուրջ։

«Ես տեսնում եմ նոր բանակցությունների հնարավորություն, եթե ԱՄՆ բանակցային թիմը հավատարիմ մնա հենց այն ամենին, ինչի մասին խոսել է նախագահ Թրամփը՝ հասնել արդարացի համաձայնագրի և ապահովել միջուկային զենքի բացակայությունը»,- ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։

Նախարարի խոսքով՝ մերձավորարևելյան տարածաշրջանի մի քանի բարեկամ երկրներ հանդես են գալիս որպես միջնորդներ և ձգտում են վերականգնել երկու կողմերի միջև փոխադարձ վստահությունը։

«Կառուցողական բանակցությունները պետք է հիմնված լինեն վստահության վրա և ցավոք, մենք կորցրել ենք ԱՄՆ-ի նկատմամբ՝ որպես բանակցողի վստահությունը։ Մենք պետք է հաղթահարենք այդ անվստահությունը»,- ընդգծել է արտգործնախարարը։

Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ կան «որոշակի կողմեր», որոնք կցանկանային ԱՄՆ-ին ներքաշել հակամարտության մեջ՝ հանուն սեփական շահի, սակայն Արաղչին շեշտել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարում է «բավականաչափ իմաստուն՝ ճիշտ որոշում կայացնելու համար»։

Վերջին շաբաթների ընթացքում Թրամփը բազմիցս հույս է հայտնել, որ իրեն կհաջողվի Թեհրանի հետ պայմանավորվել հիմնական վիճահարույց թեմաների շուրջ։ Այս հայտարարությունները հնչում են Իրանի մոտակայքում ամերիկյան զգալի ուժերի կենտրոնացման ֆոնին։ ԱՄՆ ներկայիս վարչակազմը Թեհրանից պահանջում է, ի թիվս այլոց, հրաժարվել միջուկային ծրագրից և սահմանափակել հրթիռային ծրագիրը։