Կրեմլն ուշադիր հետևում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին՝ Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումների հնարավոր դադարեցման վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ճեպազրույցի ժամանակ նրան հարցրել են Մոսկվայի վերաբերմունքի մասին ամերիկյան առաջնորդի հայտարարություններին, ինչպես նաև ՌԴ-ից նավթ գնելուց Հնդկաստանի հրաժարվելու հեռանկարի մասին:


«Մենք, անշուշտ, շատ ուշադիր հետևում ենք այս առնչությամբ բոլոր նորություններին, բնականաբար, շատ ուշադիր ենք նախագահ Թրամփի հայտարարությունների նկատմամբ, դրանք մանրակրկիտ արձանագրում ենք, վերլուծում և հարգանքով ենք վերաբերվում ամերիկա-հնդկական երկկողմ հարաբերություններին», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Այնուամենայնիվ, ըստ Պեսկովի, ռուսական կողմը ոչ պակաս կարևորություն է տալիս Հնդկաստանի հետ ռազմավարական գործընկերության զարգացմանը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի համար այս պահին դա ամենակարևորն է։

Միևնույն ժամանակ, հարցին՝ արդյոք հավաստի՞ են Հնդկաստանի կողմից ռուսական նավթի հետագա գնումներից հրաժարվելու մասին տեղեկությունները, պետության ղեկավարի մամուլի քարտուղարը պատասխանել է, որ պաշտոնական հայտարարություններ դեռևս չեն եղել։

Փետրվարի 2-ին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին համաձայնել է դադարեցնել նավթի գնումը Ռուսաստանից։ ԱՄՆ նախագահը նշել է, որ իր համար պատիվ է եղել «իր լավագույն ընկերներից մեկի» և «իր երկրի ազդեցիկ ու հարգված առաջնորդ» Նարենդրա Մոդիի հետ խոսելը։