Չինացի գիտնականները ստեղծել են միկրոալիքային զենք, որը կարող է վնասազերծել Երկրի ցածր ուղեծրում գտնվող արբանյակները, հաղորդում է South China Morning Post-ը։

Հրապարակման համաձայն՝ TPG1000Cs անվամբ սարքը մշակվել է Սիան քաղաքի Հյուսիսարևմտյան միջուկային տեխնոլոգիաների ինստիտուտում։ Համակարգը կարող է մեկ րոպեի ընթացքում առաջացնել մինչև 20 գիգավատ հզորության իմպուլսներ, ինչը, ըստ SCMP-ի կողմից հարցազրույց վերցրած փորձագետների, բավարար է արբանյակային համաստեղությունները, այդ թվում՝ Starlink-ը, խաթարելու կամ վնասելու համար։

Հրապարակման համաձայն՝ համակարգը համեմատաբար կոմպակտ է (4 մետր երկարությամբ և 5 տոննա քաշով), ինչը թույլ է տալիս այն տեղադրել բեռնատարի, ռազմանավի, ինքնաթիռի կամ նույնիսկ տիեզերանավի վրա։ Տիեզերքում տեղակայվելու դեպքում դրա հարվածը դժվար կլինի հայտնաբերել և խափանել։ Նախկինում հայտնի նմանատիպ համակարգերը զգալիորեն ավելի ծանր էին և չէին կարող գործել երեք վայրկյանից ավելի, նշում է South China Morning Post-ը։