Իսրայելը ԱՄՆ-ին հայտնել է, որ կարող է ինքնուրույն հարված հասցնել Իրանին, եթե Թեհրանը հատի բալիստիկ հրթիռների վերաբերյալ «կարմիր գիծը»։ Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
«Մենք ասել ենք ամերիկացիներին, որ միայնակ հարված կհասցնենք, եթե Իրանը հատի այն կարմիր գիծը, որը մենք սահմանել ենք բալիստիկ հրթիռների համար»,- նշել է պարբերականի զրուցակիցը։
Ըստ նրա՝ Իսրայելը մշտապես հետևում է Իրանի ներսում իրադարձությունների զարգացմանը։
Պարբերականը նկատում է, որ Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները վերջերս իրենց ամերիկացի գործընկերներին հայտնել են, որ իրանական բալիստիկ հրթիռների ծրագիրը սպառնալիք է Իսրայելի գոյության համար։
Անվտանգության ծառայության աղբյուրների համաձայն՝ վերջին շաբաթների ընթացքում բարձր մակարդակի մի շարք հանդիպումների ժամանակ հաղորդվել է Իրանի հրթիռային ներուժն ու արտադրական ենթակառուցվածքները ոչնչացնելու Իսրայելի մտադրությունների մասին։
Պարբեչականի զրուցակիցները հայտնել են, որ վերջին բանակցությունների ընթացքում Իսրայելը ներկայացրել է Իրանում հրթիռային ծրագրի հետ կապված լրացուցիչ օբյեկտներին հարվածներ հասցնելու ծրագրերը։
Միևնույն ժամանակ, իսրայելցի պաշտոնյաները մտահոգված են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ընդունել սահմանափակ հարվածի մոդելը՝ Վաշինգտոնի վերջին գործողությունների նման, որոնք իրականացվել են Եմենում բնակվող հուսիների դեմ։
«Մտավախություն կա, որ նա կարող է ընտրել մի քանի թիրախ, հայտարարել հաջողության մասին և թողնել Իսրայելին՝ հետևանքների հետ առերեսվելու համար, ինչպես եղավ հուսիների դեպքում»,- թերթին հայտնել է ռազմական պաշտոնյան։
Նա նշել է, որ դրանք մասնակի միջոցներ են, որոնք չեն վերացնի հիմնական սպառնալիքը։


