Իրանի իշխանությունները մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարյան բողոքի ակցիաների մասնակիցներին աջակցելու համար։ Նրանք մեղադրվում են Իսրայելին և ԱՄՆ-ին սատարելու, ինչպես նաև «ահաբեկչական գործողություններին» աջակցելու մեջ, հայտնում է իրանական Fars գործակալությունը։

«Թեհրանի դատախազը հանցագործություն կատարելու մեջ մեղադրել է քաղաքական և մեդիա հոսանքի անդամներին, որոնք արդարացրել են հունվարյան ահաբեկչական գործողությունները (այսպես են Իրանի իշխանություններն անվանում անկարգությունները) և ազդել երկրի անվտանգության վրա», - գրել է գործակալությունը։


Այն նաև բնութագրել է քաղաքական գործիչներին որպես Իսրայելի և ԱՄՆ-ի «աջակիցներ»։

Գործակալության տվյալներով՝ խոսքը կարող է վերաբերել Իրանի «Բարեփոխումների ճակատի» նախկին ղեկավար Ազար Մանսուրիին, Իրանի ԱԳՆ նախկին փոխնախարար Մոհսեն Ամինզադեին, ինչպես նաև քաղաքական ակտիվիստ, երրորդ գումարման (1988-1992 թթ.) խորհրդարանի պատգամավոր Իբրահիմ Ասգարզադեին։ Վերջինս իր քաղաքական կարիերայի սկզբում եղել է այն ուսանողական խմբի առաջնորդներից մեկը, որը 1979 թվականին իրականացրել էր Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավումը։

Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ ազգային արժույթի արժեզրկման պատճառով, սակայն հետագայում վերածվել են անկարգությունների և իշխանությունների դեմ ուղղված գործողությունների, որոնք իրենց գագաթնակետին են հասել տապալված իրանական շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչերից հետո։ Երկրում անջատվել էր համացանցը, հաղորդվում էր զոհերի մասին՝ ինչպես ուժայինների, այնպես էլ խռովությունների մասնակիցների շրջանում։ Իրանի իշխանությունները, որոնք անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրել են ԱՄՆ-ին և Իսրայելին, հունվարի 12-ին հայտարարել են, որ իրավիճակը հաջողվել է վերցնել հսկողության տակ։