Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։


«Առանձնակի մտահոգություն է առաջացնում Կովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, որը բնութագրվում է հին, չլուծված հակասությունների և նոր աշխարհաքաղաքական մարտահրավերների համակցմամբ։ Սրան մեծապես նպաստում են Հարավային Կովկասում իրենց ազդեցությունը ամրապնդելու համար իրականացվող արևմտյան երկրների փորձերը», - նշել է նա։


Խոսելով Կենտրոնական Ասիայի մասին՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետն ընդգծել է, որ տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա բացասական ազդեցություն են ունենում Աֆղանստանում գործող բազմաթիվ միջազգային ծայրահեղական և ահաբեկչական խմբավորումները։ Սերդյուկովի խոսքով՝ դա ահաբեկչությունը հարակից տարածքներ արտահանելու իրական սպառնալիք է ստեղծում։ «Լրջագույն մարտահրավերներ են մնում քայքայիչ արմատական գաղափարախոսության տարածումը և թմրաշրջանառությունը», - հավելել է նա։


«Ընդհանուր առմամբ, կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակը պահպանում է լարված և անկանխատեսելի բնույթ։ Միջազգային հարաբերությունների շարունակվող դեգրադացիայի պայմաններում հակամարտային ներուժը միայն աճելու է», - եզրափակել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարը։