Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Աբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը եւ երկկողմ օրակարգը, նշել են Սմոլենսկայա հրապարակում։
«Արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ հաշվի առնելով Ժնեւում կայացած ԱՄՆ-Իրան անուղղակի շփումների արդյունքները»,- նշվել է հաղորդագրության մեջ։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։
«Ռուսական կողմը հաստատել է իր աջակցությունը բանակցային գործընթացին, որն ուղղված է արդար քաղաքական եւ դիվանագիտական լուծումներ գտնելուն՝ հարգելով Իրանի օրինական իրավունքները, «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի սկզբունքներին համապատասխան»,- ավելացրել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում։


