«Նոայի» պաշտպան եւ ավագ, Հայաստանի հավաքականի խաղացող Հովհաննես Համբարձումյանը մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «ԱԶ Ալկմարի» նկատմամբ հաղթանակը: Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» հոլանդական թիմին հաղթեց Հովհաննես Համբարձումյանի գոլի շնորհիվ:

«Տպավորություններս ֆանտաստիկ են: Կարիերայիս ամենակարեւոր գոլը խփեցի եւ, իմ կարծիքով, հայկական ակումբային ֆուտբոլի պատմության ամենակարեւոր գոլը, որի շնորհիվ թիմով հաղթանակ նվիրեցինք երկրպագուներին: Այս հաղթանակով ուրախացրինք բոլորիս եւ շարժվում ենք առաջ: Առջեւում եւս մեկ կարեւոր խաղ կա: Պետք է պատրաստվենք: Արտագնա խաղում մեկ շաբաթից կորոշվի, թե ով է շարժվում առաջ:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին: Խաղից առաջ նշել էի, որ մեր երկրպագուները ֆանտաստիկ են: Նրանք մեր 12-րդ խաղացողն են եւ դրանով ամեն ինչ ասված է: Երկրպագուներն ամենադժվար պահերին մեր կողքին են եւ առաջ են մղում մեզ, որ հավատանք եւ առաջ գնանք: Փառք ու պատիվ մեր երկրպագուներին եւ ֆուտբոլիստներին, որ կարողացել են անել դա»,- ասել է Հովհաննես Համբարձումյանը:

Կոնֆերենցիաների լիգային անցումային փլեյ-օֆֆ փուլում փետրվարի 19-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում «Նոայի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանի գեղեցիկ գոլի շնորհիվ խորվաթ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը տնային խաղում 1:0 հաշվով պարտության մատնեց հոլանդական «ԱԶ Ալկմարին»։