ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացվել է, որ զինվորականները պատրաստ են Իրանի դեմ մարտական գործողություններին արդեն շաբաթ օրը։ Բայց եթե գործողությունը տեղի ունենա, այն, հավանաբար, չի սկսվի այս հանգստյան օրերին, հաղորդել է CBS հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Հեռուստաալիքը նշել է, որ ԱՄՆ առաջնորդը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել հնարավոր հարվածի վերաբերյալ։ CBS-ը ընդգծել է, որ Սպիտակ տունը կշռում է ինչպես սրման, այնպես էլ զսպման հետեւանքները։
Վերջին մի քանի օրերի ընթացքում ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքում տեղակայել է մոտ 70 ռազմական բեռնատար ինքնաթիռ եւ մոտ 50 կործանիչ։ Մեկ ավիակիր հարվածային խումբ տեղակայվել է Օմանի ծոցում, իսկ երկրորդը կտեղակայվի Իսրայելի ափերի մոտ՝ Միջերկրական ծովում։
ԱՄՆ-ը քննարկում է Իրանի ռազմական եւ կառավարական օբյեկտներին սահմանափակ հարված հասցնելու հարցը՝ Թեհրանին դրդելու համար ընդունել միջուկային համաձայնագրի բարենպաստ պայմանները, միաժամանակ խուսափելով լիարժեք հարձակումից, ավելի վաղ գրել էր The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով աղբյուրներին: Նրանց տվյալներով՝ նման հարվածը կարող է իրականացվել մի քանի օրվա ընթացքում։
Փետրվարի 17-ին Ժնեւում տեղի ունեցավ ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների երկրորդ փուլը Օմանի միջնորդությամբ: Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման մասին, որոնք կարող են ներառվել ապագա համաձայնագրի նախագծում: Վաշինգտոնը հայտարարել է, որ խորհրդակցությունները լավ են անցել, սակայն Թեհրանը դեռեւս պատրաստ չէ ընդունել Սպիտակ տան մի քանի դիրքորոշումներ: Ավելի վաղ ԱՄՆ-ը եւ Իսրայելը պնդում էին, որ Իրանը հրաժարվի ոչ միայն իր միջուկային ծրագրից, այլեւ բալիստիկ հրթիռների արտադրությունից եւ Մերձավոր Արեւելքում իրանամետ ուժերին աջակցելուց:


