Համաշխարհային ռազմական ծախսերը հաճախ գնահատում են հսկայական ազգային բյուջեների պրիզմայով, որտեղ հիմնական ուշադրությունը մշտապես սևեռված է ԱՄՆ-ի և Չինաստանի վրա: Սակայն եթե պաշտպանական ծախսերը դիտարկենք մեկ բնակչի հաշվով, պատկերն արմատապես փոխվում է. առաջին հորիզոնականներ են բարձրանում ոչ թե խոշորագույն տերությունները, այլ համեմատաբար փոքր երկրները:
Ըստ Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI), առաջին տեղը զբաղեցնում է Իսրայելը, որը 2024 թվականին պաշտպանության վրա ծախսել է գրեթե 5000 դոլար՝ մեկ բնակչի հաշվով։ Այս ցուցանիշն արտացոլում է անվտանգային մշտական սպառնալիքները, որոնց բախվում է երկիրը, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության առկայությունը։ Այս մասին հայտնում է Naked Science-ը։ Չնայած համաշխարհային չափանիշներով համեմատաբար համեստ ընդհանուր ռազմական բյուջեին (շուրջ 47 միլիարդ դոլար), մեկ բնակչի հաշվով ծախսերն այստեղ աննախադեպ են։
Վարկանիշային աղյուսակում նրան հաջորդում են այլ փոքր կամ տնտեսապես զարգացած պետություններ։ Սինգապուրը ծախսում է ավելի քան 2500 դոլար մեկ շնչի հաշվով, ինչը պայմանավորված է նրա ռազմավարական դիրքով և տեխնոլոգիական գերակայության վրա դրված շեշտադրմամբ։ Նորվեգիան և Դանիան նույնպես առաջին տասնյակում են, ինչին նպաստում են եկամուտների բարձր մակարդակն ու ՆԱՏՕ-ի շրջանակում աճող պարտավորությունները։
ԱՄՆ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը՝ ծախսելով գրեթե 2900 դոլար մեկ բնակչի հաշվով, ինչն արտացոլում է երկրի ահռելի ռազմական բյուջեի և մեծաթիվ բնակչության համադրությունը։ Չինաստանը, ընդհակառակը, վարկանիշում զգալիորեն ցածր դիրքում է. ավելի քան 300 միլիարդ դոլարի հասնող ընդհանուր ռազմական ծախսերի պարագայում մեկ բնակչի հաշվով ծախսը կազմում է ընդամենը 221 դոլար։
Եվրոպական տերությունները՝ Գերմանիան, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը, գտնվում են ցուցակի միջին հատվածում՝ փորձելով հավասարակշռել պաշտպանական պարտավորությունները բնակչության մեծ թվի և սոցիալական ծախսերի հետ։
Ռուսաստանն աշխարհում 15-րդն է՝ մեկ շնչի հաշվով 1026 դոլար ցուցանիշով։


