Ռումինիայի գիտությունների ակադեմիայի Բուխարեստի կենսաբանության ինստիտուտի (IBB) թիմի նոր հետազոտությունը նվիրված է Ռումինիայի Սկերիշոարա սառցե քարանձավի 5000 տարեկան սառույցից հանված բակտերիաների ուսումնասիրությանը: Գիտնականները կարծում են, որ այս հնագույն բակտերիաները ապագայում կարող են պայքարել սուպերբակտերիաների դեմ, սակայն դա կաշխատի միայն այն դեպքում, եթե նրանք իրենք չդառնան սուպերբակտերիաներ, գրում է Science Alert-ը:


Հայտնի է, որ բակտերիաները մշտապես էվոլյուցիա են ապրում՝ գիտության առաջարկած լավագույն բուժման մեթոդները շրջանցելու համար, գրում է «Ֆոկուսը»։ Արդյունքում, հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը լուրջ մարտահրավեր է հանրային առողջապահության համար։

Ծայրահեղ պայմանները, ինչպիսիք են սառցե քարանձավները, որտեղ հայտնաբերվել են հնագույն բակտերիաները, նպաստում են միկրոօրգանիզմների բազմազանության աճին: Հեղինակներն այժմ կարծում են, որ այս գենետիկական ադապտացիան կարող է ճանապարհ հարթել ավելի կատարելագործված հակաբիոտիկների ստեղծման համար կամ էլ վատթարացնել իրավիճակը:


Ըստ հետազոտության համահեղինակ, մանրէաբան Քրիստինա Պուրկարեայի․ Սկերիշոարա սառցե քարանձավից անջատված Psychrobacter SC65A.3 բակտերիայի շտամը, չնայած իր հնագույն ծագմանը, դիմադրողականություն է ցուցաբերում բազմաթիվ ժամանակակից հակաբիոտիկների նկատմամբ և պարունակում է կայունության հետ կապված ավելի քան 100 գեն: Մյուս կողմից, այս շտամը կարող է նաև ճնշել հակաբիոտիկների նկատմամբ կայուն մի քանի հիմնական «սուպերբակտերիաների» աճը, ինչպես նաև ցուցաբերել է կարևոր ֆերմենտային ակտիվություն՝ զգալի բիոտեխնոլոգիական ներուժով:

Հետազոտության ընթացքում գիտնականները Սկերիշոարա սառցե քարանձավից հանել են 25 մետրանոց սառցե միջուկ (կեռն): Այնուհետև թիմը սեկվենավորել է գենոմը և կարողացել է նույնականացնել ցրտի պայմաններում գոյատևման և հակամանրէային ակտիվության հետ կապված գեները: Վերլուծությունը ցույց է տվել, որ Psychrobacter SC65A.3-ը կարող է լինել և՛ օրհնություն, և՛ անեծք: Պարզ ասած՝ նոր շտամը կարող է դառնալ նոր հակաբիոտիկների աղբյուր, սակայն այն կարող է նաև իր դեղակայունության գեներով կիսվել այլ բակտերիաների հետ:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ Psychrobacter SC65A.3-ը կայուն է տարածված հակաբիոտիկների նկատմամբ, որոնք օգտագործվում են թոքերի, մաշկի, արյան և այլ տարածված վարակների բուժման համար:

Բակտերիաների այս շտամը պատկանում է Psychrobacter տեսակին, որը հատուկ զարգացրել է ցրտին դիմակայելու ունակություն: Այնուամենայնիվ, հետազոտության հեղինակները նշում են, որ դեռևս բազմաթիվ հարցեր կան, թե ինչպես են այս միկրոբները էվոլյուցիա ապրել և ինչպես դրանք կարող են օգտագործվել ժամանակակից հակաբիոտիկների բարելավման համար: