Մենք ձգտում ենք էականորեն նպաստել միջազգային իրավունքի կոպիտ խախտումների դեմ գլոբալ երաշխիքների ամրապնդմանը. այս համատեքստում Մարդու իրավունքների խորհրդի ներկա նիստում Հայաստանը ևս մեկ անգամ կներկայացնի ցեղասպանության կանխարգելման մասին բանաձեւը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 23–ին, Ժնևում ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։


Նա, մասնավորապես, նշել է. «Այս բանաձևի առաջընթաց զարգացումը արտացոլել է միջազգային մարդու իրավունքների իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային քրեական իրավունքի հատման կետում ի հայտ եկող մարտահրավերները և ամրապնդել է դրանց լուծման միջոցների վերաբերյալ միջազգային կոնսենսուսը: Այս կարևոր բանաձևին բոլոր անդամ պետությունների աջակցությունը կլինի ցեղասպանության պատուհասը վերացնելու մեր համատեղ պարտավորության խիստ անհրաժեշտ ազդանշան:

Տասնամյակներ տևած բռնի հակամարտություններից և մարդասիրական արտակարգ իրավիճակներից հետո, Հայաստանը Ադրբեջանի հետ համատեղ վճռական գործողություններ ձեռնարկեց մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ:

Անցյալ տարի Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովը ոչ միայն խաղաղություն հաստատեց երկու երկրների միջև, այլև հարթեց առևտրի, կապի և մարդկանց միջև շփումների ճանապարհը: Կառավարությունների միջև համաձայնագրերից այն կողմ այս ուղին ընտրելու համար մենք նաև ցանում ենք իրական երկխոսության և վստահության սերմեր մեր հասարակությունների, այդ թվում՝ տուժած բնակչության միջև:

Չնայած հակամարտության ցավոտ մարդասիրական հետևանքները դեռևս պետք է լուծվեն, և հեռավոր ու մոտ անցյալի վերքերը շարունակվում են, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին:

Սա անհրաժեշտ է, սա իսկապես դժվարին ձեռնարկ է՝ հաշվի առնելով, որ Բաքվում դեռևս պահվում են 19 հայ կալանավորվածներ և անհրաժեշտ է պարզաբանել անհետ կորած անձանց ճակատագրերը և բռնի անհետացման դեպքերը, ինչպես նաև տարածվում են աղավաղված պատմական պատմություններ:

Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է վճռականորեն հանձնառու մնալ այս ուղին դեպի ապագա կողմնորոշված ավարտ՝ հասկանալով, որ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը կխթանի ավելի բարենպաստ միջավայր հակամարտության հետևանքները լուծելու համար։

Մեծարգո նախագահ, վերջում ուզում եմ ընդգծել, որ չնայած բազմակողմ ինստիտուտների վրա ահռելի ճնշմանը, մենք պետք է մնանք և բարձրացնենք սկզբունքային լավատեսության ձայները և արտահայտենք մեր ամուր համոզմունքը, որ մարդու իրավունքների համակարգը և ՄԱԿ-ը որպես ամբողջություն դուրս կգան այս գործընթացից՝ իրենց գլոբալ մանդատը կատարելու աշխուժացած կարողություններով»,– հայտարարել է Միրզոյանը։