«Հրապարակը» գրում է, թե Անվտանգության խորհրդի նիստում, ի շարս այլ հարցերի, Սերժ Սարգսյանը տեղյակ է պահել, որ մարզպետ Էդիկ Բարսեղյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Պատճառներից առաջինը տարիքն է, նա արդեն 70-ն անց է:

«Չնայած վաղուց խոսակցություններ կան, որ Լոնդիկը մի քիչ «հետ է տվել իր տարիքը» փաստաթղթերով. իրականում նա վաղուց է շեմել 70-ը: Մարզպետաթողության հաջորդ պատճառը դիզվառելիքի հայտնի պատմությունն է: Իսկ երրորդ, ըստ մեր աղբյուրների պատճառն այն է, որ նպատակ կա մարզը նախկին «տիրապետողների» ազդեցության դաշտից հանելու: Երեկ, սակայն, Բարսեղյանը մեզ հետ հեռախոսազրույցում հորդորեց իրեն նման հարցեր չտալ:

Արդեն հայտնի է նաեւ հաջորդ մարզպետի անունը՝ Արամայիս Գրիգորյան, ով Վահան Հովհաննիսյանի փոխարեն պետք է համալրեր ՀՅԴ պատգամավորների շարքերը: Հիշեցնենք, որ նա 2007թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով, իսկ 2008-ին նշանակվել է գյուղատնտեսության նախարար՝ ՀՅԴ-ի կոալիցիոն քվոտայով։ 2009թ. մայիսի 12-ին Դաշնակցության` իշխող կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ ազատվել է նախարարի պաշտոնից։

Գրիգորյանն Ավշարի գինու գործարանի սեփականատերերից է, սակայն, ինչպես ընդունված է նման դեպքերում, երեկ նա եռանդուն հերքում էր իր նշանակման լուրը՝ նշելով. «Կառաջարկեն՝ կորոշեմ»: Իսկ ՀՅԴ-ի հետ մտերմությունը չի՞ խանգարի ՀՀԿ-ի առաջարկն ընդունելուն։ «Ի՞նչ կապ ունի՝ ես պատգամավոր եմ դարձել, ես անկուսակցական եմ, կլինեն առաջարկություններ՝ ես դրանց մասին կմտածեմ, որոշում կկայացնեմ եւ կպատասխանեմ, հիմա իմ տեղում նստած աշխատում եմ»,- ասաց Գրիգորյանը:

Ա. Գրիգորյանի մարզպետ դառնալու հեռանկարն առանձնապես չի ոգեւորել Հովիկ Աբրահամյանին. նա ցանկանում էր այդ պաշտոնում նշանակել տալ իր մեծ եղբայր Հենրիկի որդուն` ոստիկանության պետ Արսեն Աբրահամյանին»,- գրում է թերթը: