SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, փետրվարի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիր բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, ում ծնողը հայտնել է, որ Մամիկոնյանց փողոցի 33 հասցեում գտնվող թիվ 82 դպրոցում դասընկերներն են ծեծի ենթարկել նրան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով հիվանդանոցում Երևանի բնակիչ՝ երեխայի 40-ամյա մայրը հայտնել է, որ նույն օրը ժամը 12։30-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցի 33 հասցեում գտնվող թիվ 82 դպրոցում իր 12-ամյա որդուն 13-ամյա համադասարանցին հրել և վայր է գցել, որից հետո ընկած ժամանակ հարվածել է որովայնին։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։


