Իսրայելական ուժերը երկուշաբթի հարվածներ են հասցրել Լիբանանի տարածքին, այդ թվում՝ մայրաքաղաք Բեյրութին, այն բանից հետո, երբ Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» խմբավորումը հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի սպանության։

Բեյրութում լսվել են մի քանի ուժեղ պայթյուններ։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ «սկսել է հարվածներ հասցնել «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության թիրախներին Լիբանանի ամբողջ տարածքում»։


Իսրայելի կողմից տրված զանգվածային տարհանման նախազգուշացումից հետո հարավային Լիբանանի բնակիչները մեքենաներով լքել են իրենց բնակավայրերը՝ որոշները մեքենաների տանիքներին կապելով ներքնակներ։

Հարվածներին նախորդել էին Լիբանանից Իսրայել արձակված հրթիռներն ու անօդաչու սարքերը։ Սա «Հեզբոլլահի» կողմից Իսրայելի դեմ առաջին հարձակման հայտարարությունն էր 2024 թվականի նոյեմբերին կնքված հրադադարից հետո, որը հաջորդել էր մեկ տարուց ավելի տևած պատերազմին։

Իսրայելը հրադադարից հետո պարբերաբար հարվածներ էր հասցրել Լիբանանի տարածքին՝ հայտարարելով, թե թիրախավորում է «Հեզբոլլահին» և մեղադրելով վերջինիս հրադադարի խախտման մեջ։


Իսրայելի բանակը հայտնել է, որ «ճշգրիտ հարվածներ» է հասցրել «Հեզբոլլահի» բարձրաստիճան անդամներին Բեյրութի շրջանում և երկրի հարավում։ Լիբանանի պետական լրատվական գործակալությունը հաղորդել է հարվածների մասին երկրի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Բեյրութի հարավային արվարձաններում, որտեղ «Հեզբոլլահը» մեծ ազդեցություն ունի։

Իսրայելը տարհանման կոչ է արել Լիբանանի հարավային և արևելյան մոտ 50 բնակավայրերի բնակիչներին։ Բանակի խոսնակ Էլլա Վաուեյան X հարթակում հայտարարել է․
«Ձեր անվտանգության համար անհապաղ լքեք ձեր տները և հեռացեք առնվազն 1000 մետր հեռավորությամբ՝ բաց տարածքներ»։

Ավելի վաղ «Հեզբոլլահը» հայտարարել էր, որ հրթիռային և անօդաչու հարձակումը պատասխան է Խամենեիի սպանությանը, որը տեղի է ունեցել շաբաթավերջին Թեհրանի դեմ ԱՄՆ–Իսրայել համատեղ հարվածների ընթացքում։ Խմբավորումը նաև նշել է, որ գործողությունները «Լիբանանի և նրա ժողովրդի պաշտպանության, ինչպես նաև Իսրայելի շարունակական հարձակումներին պատասխանելու նպատակով» են։


Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամը հրթիռային կրակը բնութագրել է որպես «անպատասխանատու» քայլ՝ ընդգծելով, որ այն վտանգում է երկրի անվտանգությունը և Իսրայելին առիթ է տալիս շարունակելու հարձակումները։ Նա խոստացել է միջոցներ ձեռնարկել մեղավորներին կանգնեցնելու և լիբանանցիներին պաշտպանելու համար։

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը նույնպես զգուշացրել է, որ Լիբանանի տարածքից իրականացվող հարձակումները կարող են երկիրը ներքաշել տարածաշրջանային հակամարտության մեջ։ Միաժամանակ նա դատապարտել է Իսրայելի հարվածները, սակայն ընդգծել, որ Լիբանանը չպետք է դառնա «մեզ հետ չկապված պատերազմների» դաշտ։

Իսրայելի բանակը հայտնել է, որ Լիբանանից արձակված մի քանի արկեր ընկել են բաց տարածքներում՝ առանց վնասների կամ զոհերի մասին տեղեկությունների։ Ավելի ուշ Իսրայելի հյուսիսային շրջաններում հնչել են օդային տագնապի ազդանշաններ՝ անօդաչուի սպառնալիքի պատճառով։


Լիբանանի պետական լրատվամիջոցները հաղորդել են Բեյրութի հարավային արվարձաններից և երկրի հարավից բնակչության զանգվածային տեղահանման մասին։ Տեղական լրատվամիջոցների տեսանյութերում երևում են մեքենաների երկար հերթեր։ Սիդոն քաղաքում ևս նկատվել է սահմանամերձ շրջաններից ժամանող ընտանիքների մեծ հոսք։

Լիբանանի վարչապետի գրասենյակը հրապարակել է հանրային դպրոցների ցանկ, որոնք նախատեսված են տեղահանվածների ապաստարանների համար։

Լիբանանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն ցանկանում երկիրը ներքաշել տարածաշրջանային լայնածավալ հակամարտության մեջ, որը սկսվել է Իրանի դեմ ԱՄՆ–Իսրայել զանգվածային հարձակումներից հետո։ Դրան ի պատասխան Իրանը հրթիռային և անօդաչու հարձակումներ է իրականացրել Իսրայելի և Պարսից ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։