Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ պաշտոնապես մտնում է Իսրայելի դեմ «վրեժի պատերազմի» փուլ՝ Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի սպանությունից հետո։

Կազմակերպությունը կիրակի ուշ երեկոյան հրթիռային և անօդաչու հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսում՝ Հայֆայից հարավ գտնվող ռազմական բազայի ուղղությամբ։


Հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումը իրականացվել է Խամենեիի սպանության, Լիբանանի և նրա ժողովրդի պաշտպանության, ինչպես նաև «սիոնիստական ռեժիմի» շարունակական գործողություններին պատասխանելու նպատակով։ «Հեզբոլլահը» պնդում է, որ թիրախավորել է Իսրայելի բանակի հրթիռային դիրք Հայֆայից հարավ։

Կազմակերպությունը նաև հայտարարել է, որ Իսրայելի շարունակական գործողությունները և «մեր առաջնորդների, երիտասարդների ու ժողովրդի սպանությունները» իրեն տալիս են ինքնապաշտպանության և «համապատասխան ժամանակին ու վայրում» պատասխանելու իրավունք։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Իսրայելը չի կարող շարունակել ռազմական գործողությունները շուրջ տասնհինգ ամիս՝ առանց պատասխան գործողությունների, որոնք միտված են «ագրեսիան դադարեցնելու և օկուպացված լիբանանյան տարածքներից դուրս գալու» պարտադրմանը։


«Հեզբոլլահը» շեշտել է, որ իր քայլերը դիտարկում է որպես օրինական ինքնապաշտպանություն և կոչ է արել Լիբանանի պաշտոնական իշխանություններին միջոցներ ձեռնարկել՝ երկրի դեմ իսրայելա-ամերիկյան գործողությունները դադարեցնելու համար։