Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը ցույց տվեց հրթիռներից և շահեդներից լիարժեք պաշտպանվելու բարդությունը նույնիսկ այն երկրներում, որոնք ունեն ավելի որակյալ ՀՕՊ, քան Ուկրաինան. միևնույն ժամանակ Ուկրաինան պատրաստ է օգնել գործընկեր երկրներին թշնամու հարձակումներին հակազդելու իր փորձով, ասել է նա իր ուղերձում։
«Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակից կարելի է տեսնել, թե որքան դժվար է հրթիռներից և շահեդներից 100% պաշտպանություն ապահովելը նույնիսկ Ծոցի երկրներում, որոնք ունեն ՀՕՊ ավելի որակյալ համակարգեր, քան առայժմ մեզ տրամադրել են գործընկերները, ունեն համակարգերի ավելի մեծ քանակություն, բայց միևնույն է՝ չեն խոցում ողջ բալիստիկան: Կան նաև «Շահեդներ», որոնք չեն կասեցվել տարածաշրջանի ՀՕՊ-ի կողմից:
Բոլորը տեսնում են, որ պաշտպանության մեր փորձը շատ առումներով անփոխարինելի է: Մենք պատրաստ ենք տարածել այդ փորձը, պատրաստ ենք օգնել այն ժողովուրդներին, ովքեր օգնել են Ուկրաինային այս ձմռանը և ընդհանրապես այս պատերազմի ընթացքում»,- ասել է նա։
Զելենսկին ընդգծել է, որ Եվրոպան պետք է, այնուամենայնիվ, իրեն ապահովի իրական ուժով, իր երկինքը, իր հողը, իր ծովը ցանկացած տիպի հարձակումներից պաշտպանելու իրական կարողությամբ. մասնավորապես դրա համար անհրաժեշտ է կառուցել ՀՕՊ արտադրության բավարար ծավալներ թե՛ դրոնների, թե՛ բալիստիկայի դեմ:
Նախագահը հավելել է, որ Ուկրաինան մանրամասնորեն արձանագրում է Իրանի շուրջ իրավիճակի յուրաքանչյուր փոփոխություն և գտնվում է գործընկերների հետ համակարգման մեջ:


