Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ թեև վերջին պատերազմը սկսել են ԱՄՆ-ն և Իսրայելը, դրա ավարտի ժամանակն ու ձևը որոշելու է Իրանը։
«Մենք երկու տասնամյակ ժամանակ ենք ունեցել ուսումնասիրելու ԱՄՆ բանակի պարտությունները մեր անմիջական արևելքում և արևմուտքում։ Մենք համապատասխան դասեր ենք քաղել», — գրել է Արաղչին X հարթակում՝ ակնարկելով 2000-ականների սկզբին ԱՄՆ-ի ներխուժումները Իրաք և Աֆղանստան։
Նա նաև նշել է, որ Թեհրանի նկատմամբ իրականացվող ռմբակոծությունները չեն ազդում Իրանի ռազմական կարողությունների վրա։
«Ապակենտրոնացված «Մոզաիկ պաշտպանության» ռազմավարությունը մեզ հնարավորություն է տալիս որոշել, թե երբ և ինչպես կավարտվի պատերազմը», — ընդգծել է նախարարը։
Հիշեցնենք, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի միջուկային բանակցությունները, որոնք միջնորդում էր Օմանը, շարունակվում էին, երբ փետրվարի 28-ից ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածներ սկսեցին Իրանի տարածքին։
Ժնևում անցկացված վերջին բանակցային փուլը ավարտվել էր կողմերի կողմից «զգալի առաջընթացի» արձանագրմամբ, սակայն դիվանագիտական գործընթացը ստվերվել է ռազմական գործողությունների սրմամբ։
Հիշեցնենք, որ Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ–Իսրայել հարվածների հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին, մի շարք բարձրաստիճան զինվորականներ և հարյուրավոր քաղաքացիական անձինք։
Պաշտոնական Թեհրանը հայտարարել է «Ճշմարիտ խոստում 4» գործողության մեկնարկի մասին՝ իրականացնելով լայնածավալ հրթիռային և անօդաչու հարձակումներ իսրայելական թիրախների և տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։


