ԱՄՆ-ն և Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ, որի հետևանքով զոհվել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Հարվածները շարունակվում են, իսկ տարածաշրջանում լարվածությունը սրվում է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գործողության նպատակը «Իրանին միջուկային զենք ձեռք բերելուց զրկելն է»։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը մտադիր է ոչնչացնել Իրանի հրթիռային ներուժը և ռազմական արդյունաբերությունը։ Թրամփը նաև կոչ է արել Իրանի զինված ուժերին վայր դնել զենքերը՝ «ամբողջական անձեռնմխելիության» դիմաց, իսկ Իրանի ժողովրդին՝ ապստամբել իշխանությունների դեմ։

Գործողությունը, որը ԱՄՆ-ը անվանել է «Operation Epic Fury», իրականացվում է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը սպառնացել էր ռազմական քայլերով, եթե Թեհրանը չհամաձայնի նոր միջուկային համաձայնագրի։ Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ գործողության նպատակն է «վերացնել Իրանի ռեժիմի կողմից ներկայացվող գոյաբանական սպառնալիքը»։

Իրանում տեղի ունեցած զարգացումները

Շաբաթ օրը պայթյուններ են գրանցվել երկրի տարբեր հատվածներում՝ այդ թվում մայրաքաղաք Թեհրանում, ինչպես նաև Քարաջում, Իսֆահանում, Քոմում և Քերմանշահում։ Թիրախավորվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) օբյեկտներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, հրթիռային և անօդաչու կայաններ, ռազմական օդանավակայաններ։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ շուրջ 200 կործանիչ է մասնակցել լայնածավալ հարվածներին Իրանի արևմտյան և կենտրոնական հատվածներում։

Հաղորդվում է, որ զոհվել են շուրջ 40 բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրիզադեհը և IRGC հրամանատար Մոհամմադ Փաքփուրը։

Իրանում արձանագրվել է ինտերնետի գրեթե ամբողջական անջատում։ Երկրի օդային տարածքը փակ է անորոշ ժամկետով։ Կարմիր խաչի տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցում է 200-ը, վիրավորներինը՝ 700-ը։ Հարավային Իրանում դպրոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 153 մարդ։

Իրանի պատասխան գործողությունները

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները բնութագրել է որպես «անհիմն և անօրինական պատերազմ»։

Իրանը բալիստիկ հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին և դաշնակիցներին՝ Բահրեյնում, Քուվեյթում, Քաթարում, ԱՄԷ-ում և Հորդանանում։

Իսրայելի Բեյթ Շեմեշ քաղաքում հարվածի հետևանքով ավերվել է սինագոգ, զոհվել է առնվազն ինը մարդ, վիրավորվել՝ շուրջ 450-ը։ ԱՄԷ-ում զոհվել է երեք մարդ, Քուվեյթում՝ մեկ։ Պենտագոնի տվյալներով՝ զոհվել է երեք ամերիկացի զինծառայող, հինգը ծանր վիրավորվել են։

Եվրամիության EUNAVFOR ASPIDES առաքելությունը հայտնել է, որ Իրանի պահապանները նախազգուշացրել են նավերին չանցնել Հորմուզի նեղուցով, որով անցնում է համաշխարհային նավթի և գազի մատակարարումների մոտ 20 տոկոսը։ Հաղորդվում է նաև, որ երեք նավթատար խոցվել է և այրվում է։

Իր հերթին Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ պաշտոնապես մտնում է Իսրայելի դեմ «վրեժի պատերազմի» փուլ՝ Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի սպանությունից հետո։

Կազմակերպությունը կիրակի ուշ երեկոյան հրթիռային և անօդաչու հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսում՝ Հայֆայից հարավ գտնվող ռազմական բազայի ուղղությամբ։

Հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումը իրականացվել է Խամենեիի սպանության, Լիբանանի և նրա ժողովրդի պաշտպանության, ինչպես նաև «սիոնիստական ռեժիմի» շարունակական գործողություններին պատասխանելու նպատակով։ «Հեզբոլլահը» պնդում է, որ թիրախավորել է Իսրայելի բանակի հրթիռային դիրք Հայֆայից հարավ։

Ղեկավարության փոփոխություն Իրանում

Իրանում ժամանակավոր գերագույն առաջնորդ է նշանակվել Ալիռեզա Արաֆին։ Նոր գերագույն առաջնորդի ընտրությունը պետք է իրականացնի 88 հոգևորականներից բաղկացած Փորձագետների ժողովը՝ ըստ Սահմանադրության։ Սակայն ընթացիկ ռազմական իրավիճակը կարող է բարդացնել գործընթացը։

IRGC-ն արդեն հայտարարել է նոր գլխավոր հրամանատարի նշանակման մասին՝ Ահմադ Վահիդիին։

Տարածաշրջանային ավիափոխադրումներ

Տարածաշրջանում հազարավոր չվերթներ չեղարկվել են։ Մի շարք ավիաընկերություններ, այդ թվում՝ Wizz Air, British Airways, Lufthansa, Emirates և այլք, դադարեցրել են թռիչքները դեպի Թել Ավիվ, Բեյրութ, Ամման, Թեհրան և մի շարք այլ քաղաքներ։ Իրաքը, Հորդանանը և ԱՄԷ-ն մասամբ կամ ամբողջությամբ փակել են իրենց օդային տարածքը։

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը շարունակում է արագ զարգանալ՝ խորացնելով ռազմական և տնտեսական անորոշությունը տարածաշրջանում։