Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ Իրանից ՌԴ քաղաքացիներին տարհանելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Աշխաբադում, Բաքվում և Երևանում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների համացանցային ռեսուրսներում օպերատիվ կերպով հրապարակվել և շարունակում է թարմացվել՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքմենստանի տարածքով ցամաքային ճանապարհով Իրանից հեռանալու հնարավորության մասին տեղեկատվությունը:


Մեր դիվանագետները սերտ կապի մեջ են ընդունող երկրների իրավասու գերատեսչությունների հետ՝ Ռուսաստանի քաղաքացիների շուտափույթ դուրսբերման նպատակով։ Ես պարբերաբար շփվում եմ մեր դիվանագետների հետ։ Կարող եմ ասել, որ նրանցից լսում եմ միայն ամենաբարձր և ամենաանկեղծ երախտագիտության խոսքերը. նրանք ամենագովելի կերպով են բնութագրում իրենց շփումները և այդ շփումների արդյունավետությունը Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքմենստանի դիվանագետների ու իշխանության համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ։


Կարելի է հավաքականորեն բոլորին ասել՝ «Դե, փաստորեն կարողանում ենք»։ Կարևոր է, որ օպերատիվ փոխգործակցության այս փորձը կիրառվի նաև այլ իրավիճակներում», - նշել է Զախարովան։