ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ընկերների հետ զրույցում սկսել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին անվանել «ձախողակ» և նրանց «հատուկ հարաբերություններն» էլ ավելի են վատթարացել, գրում է The Telegraph պարբերականը։

Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահը նաև կատաղած է եղել նրա վրա՝ իր ընկերների հետ մասնավոր ընթրիքի ժամանակ հայտարարելով, թե Սթարմերն «ապագա չունի»։

«Թրամփը սկսել է Սթարմերին ձախողակ անվանել։ Նա դա ասել է ընկերների հետ ընթրիքի ժամանակ։ Նա պարզապես կարծում է, որ Սթարմերն այլևս ապագա չունի»,- հայտնել է բրիտանական լրատվամիջոցի զրուցակիցը։


Ինչպես պարզաբանում է պարբերականը, Սթարմերն ու Թրամփը լավ հարաբերություններ ունեին, երբ լեյբորիստները եկան իշխանության, սակայն այդ ժամանակվանից ի վեր նրանց հարաբերությունները վատթարացել են։ Իրանի ճգնաժամի, մաքսատուրքերի, Գրենլանդիայի, խոսքի ազատության և ՆԱՏՕ-ի շուրջ վեճերը փչացրել են նրանց երբեմնի ամուր թվացող բարեկամությունը։

Վերջին հարվածը հասցվել է այն ժամանակ, երբ Թրամփի և վարչապետի միջև տարակարծություններն էլ ավելի են խորացել բրիտանական ռազմական բազաների օգտագործման շուրջ։

Հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախարար Էդ Միլիբանդն է կանգնած կաբինետի ընդդիմության հետևում։ Նրանք դեմ են ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից բրիտանական բազաների օգտագործմանը։ Հաղորդվում է, որ Էներգետիկայի նախարարը, Ռեյչել Ռիվսի և Իվետ Կուպերի հետ միասին կանխարգելիչ ռազմական գործողություններն անվանել են ապօրինի և դեմ արտահայտվել Միացյալ Թագավորության կողմից աջակցություն ցուցաբերելու առաջարկին։

Ազգային անվտանգության խորհրդի ուրբաթ օրվա նիստում նախարարները դեմ են արտահայտվել ավիահարվածներին։ The Spectator-ը գրում է, որ Միլիբենդը հանդես է եկել իրավիճակին չմիջամտելու կոչով և ներկայացրել է «հրահրող, պացիֆիստական, իրավաբանական և խիստ քաղաքական փաստարկներ»։

Քիր Սթարմերն, իր հերթին, պաշտպանել է կաբինետի դիմադրությունը և մերժել է Իրանին հարվածելու համար Թագավորական ռազմաօդային ուժերի բազաներն օգտագործելու վերաբերյալ Թրամփի խնդրանքը։ Հայտնի է դարձել, որ եթե Սթարմերը պաշտպաներ նախագահի հարվածները, նա երկար չէր մնա վարչապետի պաշտոնում։