Վերջին իրադարձությունների պատճառով չեղարկվել են Բաքու-Նախիջևան-Բաքու երթուղով 2026 թվականի մարտի 5-ին նախատեսված բոլոր չվերթները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով AZAL-ի հայտարարությանը։


«Բաքվի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապն ապահովելու նպատակով Ադրբեջանի քաղաքացիների համար նշանակվել են Բաքու-Իգդիր (Թուրքիա) երթուղով և հակառակ ուղղությամբ ավիաչվերթներ։ Իգդիրի օդանավակայանից դեպի Նախիջևան և հետադարձ ուղղությամբ ուղևորների փոխադրման համար կազմակերպվել են հատուկ ավտոբուսային երթուղիներ։ Փոխադրումն իրականացվելու է Նախիջևանի ավտոկայանի միջոցով։


Բաքու-Իգդիր-Բաքու երթուղու թռիչքների ժամանակացույցը 2026 թվականի մարտի 5-ի համար (ժամանակը նշված է ըստ տեղական ժամանակի)։

Ուղևորներին խնդրում են օդանավակայան ներկայանալ թռիչքից առնվազն մեկուկես ժամ առաջ, ինչպես նաև իրենց հետ ունենալ արտասահմանյան անձնագիր կամ նոր սերնդի նույնականացման քարտ։

AZAL-ը շարունակում է ուշադիր հետևել ընթացիկ իրավիճակին և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։ Ուղևորներն օպերատիվ կերպով կտեղեկացվեն թռիչքների չվացուցակի փոփոխությունների մասին», - ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել է Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարքերի անկման մասին։ Հաղորդվել է 4 տուժածի մասին։

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն կանչվել է Արտաքին գործերի նախարարություն։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել։

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբն իր հերթին հերքել է Ադրբեջանի ուղղությամբ անօդաչու սարք արձակելու մասին տեղեկությունը։